Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վարչապետը ոչ մրցութային կարգով մասնակցել է «Մարզային գավաթ» լեռնային հեծանվասպորտի 11 րդ մրցաշարին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ մրցութային կարգով Ապարանում մասնակցել է «Մարզային գավաթ» լեռնային հեծանվասպորտի 11-րդ մրցաշարին, այնուհետև մասնակցել մրցաշարի պարգևատրման արարողությանը: Մրցաշարի հաղթողները ստացել են դրամական պարգևներ, մրցանակային ֆոնդը կազմել է 1.500.000 դրամ: Մրցուղին եղել է շուրջ 40 կմ: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ստեղծված մթնոլորտի համար և շնորհավորել ինչպես հաղթողներին, այնպես էլ մրցանակային տեղեր չզբաղեցրած հեծանվորդներին: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հեծանվային երթը տալիս է տվյալ տարածքը նորովի բացահայտելու հնարավորություն: Վարչապետը նշել է, որ կարելի է այս մրցուղին դարձնել հեծանվային և հայտնել ՀՀ Կառավարության պատրաստակամությունը՝ աջակցություն ցուցաբերելու այդ հարցում: Արդյունքում, ըստ Նիկոլ Փաշինյանի, լեռնային հեծանվավազքի այս երթուղին կարող է դառնալ Ապարան խոշորացված համայնքի՝ առողջ ապրելակերպի հետ կապված բրենդը: Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ նշել է մրցաշարին նաև օտարերկրյա քաղաքացիների մասնակցելու փաստը և հույս հայտնել, որ Ապարանի լեռնային հեծանվամրցաշարը կդառնա միջազգային: Դա, ըստ վարչապետի, հնարավորություն կտա առավել ընդգծել մեր հայրենիքը, հայրենիքի այս գեղատեսիլ հատվածը, բարեկեցության նոր մակարդակ, եկամուտ բերել համայնքին, այնտեղ ապրող մարդկանց, ձևավորել համագործակցության իրական մթնոլորտ: Վարչապետը շնորհավորել է նաև բոլորին մայրաքաղաքի՝ «Էրեբունի-Երևան» տոնակատարության առիթով: