Բացել լրահոսը Փակել լրահոսը
711
A A
Հասարակություն

«ԳՈՅ» մարդասիրական հիմնադրամի թիրախային խումբը եղել և մնում են արցախցիները

2020 թվականի պատերազմից հետո, երբ կորցրեցինք մեր չորս շրջաններն ու 39 հազար մարդ տեղահանվեց արցախից, բարեգործական տարբեր կազմակերպություններ կանգնեցին բռնի տղահանված արցախցիների կողքին՝ իրականացնելով կարճաժամկետ և երկարաժամկետ մի շարք ծրագրեր։

Կարճաժամկետ ծրագրերը չէին կարող լուծել պատերազմի հասցրած աղետալի հետևանքներ։ Ամեն ինչ կորցրած և Հայաստանի տարբեր բնակավայրերում հայտնված արցախցիների համար առաջնահերթն աշխատանք ունենալն ու հնարավորության դեպքում նոր մասնագիտություն ձեռք բերելն էր։ «Այդ օրերին ակտիվ հասարակական աշխատանքներով և աջակցությամբ զբաղվող ընկերներիս՝ Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանի հետ եկանք այն եզրահանգման, որ պետք է երկարաժամկետ ծրագրեր իրականացնել։ Այդպես առաջացավ «ԳՈՅ» մարդասիրական հիմնադրամի ստեղծման գաղափարը։ Այն հիմնադրվել է 2020 թվականի դեկտեմբերի վերջին։

Արդեն 2021-ից սկսեցինք նախագծել ծրագրեր, որոնք կօգնեն մարդկանց մասնագիտություն և աշխատանք ձեռքբերելու հարցում։ Ու հղացավ «Կերամազարդ» արվեստանոց-ուսումնարան բացելու գաղափարը, որը «ԳՈՅ»-ի առաջին ծրագիրն է»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է հիմնադրամի հիմնադիր Ազատուհի Սիմոնյանը։

Հիմնադրամի և թիմի թիրախային խումբը եղել և մնում են արցախցիները, նրանց աջակցություն ցուցաբերելը։ Մտահղացումն իրականություն դարձնելու համար դիմել են տարբեր կազմակերպությունների, մասնակցել մրցութային, դրամաշնորհային տարբեր ծրագրերի, որոնցից մի մասում հաղթել և կարողացել են ծրագրերն իրականություն դարձնել։

«Դիմել ենք նաև անհատ բարերարների, միջազգային և սփյուռքյան կազմակերպությունների և կարողացել նրանց նվիրատվությունների միջոցով հիմնել «Կերամազարդ արվեստանոց- ուսումնարանը, ձեռք բերել մասնագիտական գույքն ու սարքավորումները, և սկսել վերապատրաստման դասընթացներ անցկացնել»։ Դասընթացներին մասնակցում էին արցախցիներ, ովքեր երբևիցե կավագործությամբ չեն զբաղվել՝ վերապատրաստվել են տարբեր վայրերում, տարբեր դասընթացների մասնակցել, ստացել հմտություն, մասնագիտություն, որոնց ընթացքում նրանք կարողացել են բավականին փորձ ձեռքբերել, տալ արդյունք և որակ։

«Որպես կազմակերպություն սոցիալական ձեռներեցություն ենք՝ մեր նպատակը մասնագիտություն, հմտություն, աշխատանք տալն է և նաև աջակցություն ցուցաբերելը՝ օգնելու հաղթահարելու գոյություն ունեցող հոգեբանական խնդիրները։ Արվեստանոցի բոլոր աշխատողներն արցախցիներ են՝ խեցեգործները, նկարիչները։ Դա հիմնադրամի նպատակն է, որից չենք շեղվում»։ Հիմնադրամի ծրագրերում ներառված է նաև կավաթերապիա։

Արվեստանոց-ուսումնարանի ծրագրի մեջ՝ հոգեբանի ներգրավմամբ, սկսեցինք հոգեկան առողջությանն ու նոր միջավայրին ինտեգրմանը նպաստող ծրագրեր իրականացնել։ Կավը նաև բուժիչ հատկություն ունի և կավաթերապիան ընդունված է աշխարհում։ Երկու տարի է, ինչ գործում է կավաթերապիայի խումբը։ Արցախցի 400 երեխայի հետ անցկացվել են կավաթերապիայի և կավագործութան դասընթացներ, ինչը շարունակական բնույթ է կրում»։

2022-ի մայիսի 9-ին ՀԲԸՄ դահլիճում ցուցադրվեց Արցախի կորուսյալ մշակութային ժառանգության հավաքածուն, որտեղ ներառված են 2020 թվականի պատերազմից հետո թշնամու բռնազավթած տարածքներում գտնվող հուշարձանների պատկերները՝ կերամիկական սալիկների և ափսեների վրա։ Դրանք բացառապես արցախցի նկարիչների ձեռքի աշխատանքներն են։ «2800-ից ավելի մշակութային ժառանգություն, հուշարձաններ ենք կորցրել։ Ցավով եմ նշում, որ դրանցից շատերի մասին մենք՝ հայերս նույնիսկ տեղեկացված չենք։ Նպատակ ունենք արցախցիների ձեռքով պատկերված գեղարվեստական արժեք ներկայացնող նյութական ժառանգության հավաքածուն ցուցադրել աշխարհի տարբեր քաղաքներում՝ այդ կերպ արդիական պահելով Արցախի հարցն ու ինչու չէ նաև կծանոթացնենք մարդկանց Արցախի հարուստ մշակութային ժառանգությանը»։ Արվեստանոցում 6 արցախցի է աշխատում։ Նրանց թիվն առաջիկայում ավելանալու է։ «Ֆրանսիական «Լա Գիլդ» կազմակերպության համաֆինանսավորմամբ մեկնարկում ենք մի ծրագիր, որի շահառուները լինելու են արցախցիներ, և վեց ամիս շարունակ նրանց սովորեցնելու ենք խեցեգործության արվեստը։ Լավագույն արդյունք ցուցաբերած 3 մասնակիցներին ընդունելու ենք աշխատանքի՝ ընդլայնելով մեր ստեղծագործական թիմը»։ Հիմնադրամը ձեռնամուխ է եղել մեկ այլ ծրագրի իրագործմանը ևս։ Սեպտեմբերից մեկնարկելու է խորացված հաշվապահական դասընթացներ արցախցիների համար։

«Խոսքը 15 կանանց մասին է, ովքեր հավապահություն սովորելու են զրոյից, դասընթացի ավարտից հետո նրանք պատրաստ են լինելու ընդունվելու աշխատանքի: Հիմնադրամի տնօրեն Դիանա Հովսեփյանի խոսքերով՝ բոլոր մտահղացումներն աշխատում են ծրագրեր դարձնել և կյանքի կոչել, որոք կնպաստեն արցախցիների իտեգրմանը, կլուծեն ընտանիքների սոցիալական հարցերը»։

Ունեն նաև գաղափարներ, որոնց ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տանում՝ իրականություն դարձնելու համար։ «Կերամազարդը» օգոստոսի 10-11-ը ներկայացված է լինելու Տերյան մշակութային կենտրոնի կողմից կազմակերպվող ամենամյա «Տարազֆեստ փառատոնին, որն այս տարի տեղի է ունենալու Հաղթանակ զբոսայգում։

Ներկայանալու ենք բավականին հարուստ տեսականիով՝ պատրաստված հատուկ «Տարազֆեստի» համար՝ տարազային մոտիվներով։ «Կերամազարդում» արտադրված ցանկացած իրի վաճառքից գոյացած հասույթն ամբողջովին ուղղվում է Կերամազարդ սոցիալական ձեռներցության ծրագրի պահպանմանն ու շարունակականությանը»,-ասում է Դ. Հովսեփյանը։

Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նկարիչ, 27 տարվա նկարչության խմբակավար Էռնա Մկրտչյանն արդեն երեք ամիս է, ինչ կարողանում է ստեղծագործական մտքերն իրացնել կերամիկայի վրա, ինչն իր համար նոր ոլորտ է, հոգեբանական իմաստով է նաև այն օգնում։ Գեղեցիկը ստեղծելու պահանջ կա՝ ասում է, ինչն օգնում է ապրել ու առաջ նայել։ Սեդա Միքայելյանն արվեստանոցի հնաբնակներից է։ Հադրութի շրջանի Տող գյուղից է բռնի տեղահանվել 2020-ին։ Մասնագիտությամբ մաթեմատիկայի ուսուցչուհի է, սակայն կարողացել է դասընթացների արդյունքում յուրացնել նաև այս չափազանց հետաքրքիր արվեստը։

«Գոհ եմ իմ աշխատանքից, ու շնորհակալ, որ գոյություն ունի նման կառույց, որտեղ կարելի է զրոյից հմտություն ձեռքբերել ու այն վերածել ապրուստի միջոցի։ Աշխատանքն այստեղ հետաքրքիր ու բովանդակային է»։

Էմիլ Միքայելյանը նախկին զինվորական է Հադրութի Տող գյուղից։ «Պատերազմից հետո մեկնել եմ Ռուսաստան, սակայն մի քանի ամսից հետո հետ եմ վերադարձել ու քրոջս խորհրդով մասնակցել խեցեգործության դասընթացներին։ Արդեն երկու տարի է, ինչ այստեղ եմ։ Հմտացել եմ այս արհեստի մեջ, ձեռք բերել և մասնագիտություն և աշխատանքը»։ Մարատ Մարտիրոսյանը Հայաստանի ազգային ճարտարապետության և շինարարության համալսարանի 3-րդ կուրսի ուսանող է։ Կավագործության մեջ սկսնակ է, սակայն նկարչության մեջ վարպետ։ Նկարչության տարբեր դասընթացների, ցուցահանդեսների է մասնակցել, սիրում է նաև լուսանկարել։ Կավագործությունը, որպես արվեստի մեկ այլ՝ ավելի հետաքրքիր ճյուղ, յուրացնելու մեծ ցանկություն ունի։ Իսկ ինչու չսովորել, եթե կա հնարավորություն անվճար նոր մասնագիտություն ձեռք բերելու՝ ասում է, մանավանդ, երբ օգնություն է ցուցաբերվում նաև աշխատանքի տեղավորման հարցում։

բբբ.jpg (43 KB)

տարազ.jpg (40 KB)

Անահիտ Պետրոսյան