«Եկել է խաղաղության ժամանակը». ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայ-ադրբեջանական հակամարտության մասին
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցերին՝ հայ-ամերիկյան զորավարժությունների ու Բաքվից հնչած արձագանքի, ինչպես նաև այս նոյեմբերին Միացյալ Նահանգներում կայանալիք ընտրություններից հետո Հայաստանի հարցում ԱՄՆ քաղաքականության մեջ հնարավոր փոփոխությունների մասին
Արձագանքելով զորավարժություններին և Ադրբեջանից հնչած հայտարարություններին՝ ԱՄՆ պետքարտուղարությունը շեշտել է, որ «Միացյալ Նահանգները երկարամյա գործընկերություն ունի Հայաստանի հետ, որի օրինակն է Կանզաս [նահանգի] ազգային գվարդիայի հետ նրանց կայուն համագործակցությունը՝ [ԱՄՆ] պաշտպանության նախարարության Պետական գործընկերության ծրագրի շրջանակներում»։
Պետքարտուղարությունը հավելել է, որ «ԱՄՆ-ն առանձին պաշտպանական և անվտանգային հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, ներառյալ՝ համագործակցությունը բազմազգ զորավարժություններում՝ Վրաստանում վերջերս տեղի ունեցած Agile Spirit, ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության և մի շարք այլ երկկողմ ձևաչափերով՝ [ԱՄՆ] պաշտպանության նախարարության Պետական գործընկերության ծրագրի նման»։
Անդրադառնալով հարավկովկասյան տարածաշրջանային կայունության վերաբերյալ հարցին՝ ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչությունը ընդգծել է, որ «Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ, և մենք հանձնառու ենք այդ գործընթացի աջակցմանը։ Եկել է խաղաղության ժամանակը»:
Պատասխանելով ամերիկյան վարչակազմի հնարավոր փոփոխությունից հետո ԱՄՆ արտաքին քաղաքականության փոփոխության մասին հարցին՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հայտնել է. «Պետքարտուղարությունը անկուսակցական հաստատություն է։ Միացյալ Նահանգների կառավարության արտաքին քաղաքականությունը կարող է փոխվել տարբեր նախագահական վարչակազմերի օրոք։
Այնուամենայնիվ, ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները մնում են անփոփոխ, որոնք ներառում են անվտանգության, ժողովրդավարության, բարգավաճման և զարգացման խթանում Միացյալ Նահանգներում և ողջ աշխարհում»: