ANCA-ի երիտասարդներն ԱՄՆ օրենսդիրներին կոչ են արել ապահովել հայ գերիների ազատ արձակումը, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին
Աջակցիր «Ա1+»-ինՀայ դատի Ամերիկայի հանձնախմբի «Լեո Սարգսյան» և «Մարալ Մելքոնյան-Ավետիսյան» կրթական ծրագրերի երիտասարդները ԱՄՆ Կոնգրեսում երկու օրվա ընթացքում հանդիպել և հայկական հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկել են Կոնգրեսի ավելի քան 400 գրասենյակների աշխատակիցների։
«Արմենպրես»-ի հաղորմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը (ANCA)՝ հավելելով, որ քարոզչական բնույթի այս արշավի կիզակետում է եղել Ադրբեջանի կողմից ապօրինաբար կալանավորված և խոշտանգված հայ բանտարկյալների խնդրի ներկայացումը և Կոնգրեսում ադրբեջանական լոբբիին հակազդումը։
Գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է հայ դատի հանձնախմբի երիտասարդները կրում էին վերնաշապիկներ, որոնց վրա պատկերված էին Ադրբեջանի կողմից ապօրինի բանտարկված ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության լուսանկարները՝ այդպիսով ուշադրություն հրավիրելով ընդհանուր առմամբ հայտնի քսաներեք գերեվարված անձանց ազատ արձակման խնդրին։
Հաղորդվում է, որ երիտասարդներն ԱՄՆ օրենսդիրներին կոչ են արել ձեռնարկել անմիջական գործողություններ՝ ապահովելու հայ գերիների անհապաղ ազատ արձակումը, ինչպես նաև ներքին օրենսդրության կիրառմամբ պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանին ռազմական հանցագործությունների համար։
Ըստ աղբյուրի՝ երիտասարդներն այնուհետև ցուցադրական կերպով շարվել և ողջունել են Կոնգրեսի աշխատակիցներին, ովքեր մասնակցում էին Ադրբեջանի դեսպանատան կողմից կազմակերպված ճեպազրույցին՝ այդ կերպ հիշեցնելով Ադրբեջանի հակահայկական ագրեսիայի մասին: Երիտասարդների մոտ առկա է եղել պաստառ, որի վրա պատկերված են եղել հայ պատանդների լուսանկարները։