Փոխհատուցում կոչված չնչին գումարով ոչինչ հնարավոր չէ գնել՝ հազիվ՝ հողամաս. Արցախի Խնածախի համայնքի ղեկավար
Աջակցիր «Ա1+»-ին«2023 թվականի սեպտեմբերի 27-28-ը Արցախի Խնածախ գյուղից 710 բնակիչ է արտագաղթել»,- Ա1+-ի հետ զրույցում ասում է բռնազավթված համայնքի ղեկավար Մհեր Նիկողոսյանը։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո թշնամու տիրապետության տակ անցած տարբեր բնակավայրերից 53 ընտանիք՝ 214 բնակչով ապաստան էր գտել գյուղում, որտեղ նրանց ընդունել են հարազատորեն, աջակցել՝ ինչով կարողացել են։ 1116 հա գյուղատնտեսական նշանակության հող ունեցող գյուղում շատերն էին զբաղվում հողագործությամբ և անասնապահությամբ։ «Գյուղում գործում էր Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ կառուցված 1740 թվականին, գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, փոստի բաժանմունք։
Ապահովված էինք շուրջօրյա ջրամատակարարմամբ, գազաֆիկացված էր։ Ցանկացած հարցում համայնքը կայացած էր, գրեթե բոլոր բնակիչներն ապրում էին բարեկեցիկ կյանքով, որին զուգահեռ էլ գյուղը շենանում էր»,- ասում է համայնքի երկարամյա ղեկավարը։ Խնածախի պատմությունը սկսվում է 17-րդ դարից, բնակիչները եկել են Զանգեզուրի Խնածախ գյուղից, հիմնադրել այն՝ պահպանելով գյուղի անվանումն ու ավանդությունները։ Խնածախի ծնունդ է անվանի պատմաբան Մակար Բարխուդարյանը, ով անգնահատելի ավանդ ունի Արցախի և շրջակա գավառների հայության բազմադարյա պատմության, կենցաղի և պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման բնագավառում։
«Բռնագաղթից հետո գյուղի բնակիչները ցրվել են ամբողջ Հայաստանով մեկ։ Աշխատում եմ բոլորի հետ գոնե հեռախոսակապ պահպանել, սակայն դա շատ քիչ է։ Ժողովուրդն իրար նկատմամբ կարոտի քաղց ունի։ Խնածախցիների համար որքան որ դժվար է առանց հայրենի գյուղի՝ այնքան ավելի դժվար է առանց իրար տեսնելու, հաղորդակցվելու պարագայում»,- ասում է զրուցակիցս։ Բնակչությանը մտահոգող ամենամեծ խնդիրն աշխատանք չունենալն է։ Ցավոտ խնդիրներից է բնակարանային հարցը։ «Շատ դժվար է մասնագետների աշխատանքի տեղավորվելու խնդիրը։ Շատերն են անելանելի վիճակից դրդված մասնագիտական ու մտավոր կարողություններին անհամապատասխան աշխատանքի անցել։ Ժողովրդին մի կողմից տանջում է կարոտն ու կարոտի ցավը, հեռվում թողած հարազատների շիրիմներին այցելելու անհնարինությունը, մյուս կողմից էլ արցախցու հասցեին որոշ անպատասխանատու անձանց կողմից հնչող նսեմացնող, ստորացնող արտահայտությունները»,- վրդովմունք է հայտնում նախկին համայնքի ղեկավարը։
«Մարդիկ չունեն տուն, չունեն մշտական աշխատանք, նման պարագայում ինչպե՞ս լուծեն ընտանիքի առջև ծառացած խնդիրները։ Հաճախ մի փաստաթուղթ ձեռք բերելու համար ամիսներ են պահանջվում։ Այս պարագայում խոսել ընտանիքի բարեկեցության, ապահովության մասին՝ անհեթեթություն է»։
Անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից արցախցիներին բնակարաններով ապահովման ծրագրին՝ Մ. Նիկողոսյանը նշեց, որ այդ ուղղությամբ ընդունված որոշումները լրիվությամբ հիասթափեցրել են բնակիչներին, քանի որ փոխհատուցում կոչվածի անվան տակ արծարծվող չնչին գումարով ոչինչ հնարավոր չէ գնել՝ հազիվ՝ հողամաս։ «Շատերն արդեն ռիսկ էլ չեն անի կրկին վարկ վերցնեն կամ հիփոթեքով բնակարան ձեռքբերեն։ Մարդիկ հուսալքված են, հոգնել են սպասելուց, խոստումներ լսելուց։ Ծայրահեղ վիճակ հայտնված ընտանիքներ կան, չեն կարողանում բնակվարձերը մուծեն։ Մենք էլ որևէ լիազորություն կամ միջոց չունենք մեր բնակիչներին օգնելու հարցում։ Դարձել է այնպես, որ ամեն մեկը հազիվ իր գլխի ճարն է տեսնում»։
Զրուցակցիս կարծիքով մինչև տարվա ավարտն ավելանալու է արտագաղթողների թիվը։ «Մինչ օրս խնածախցի 25 ընտանիք է արտագաղթել Հայաստանից, թիվն աճելու միտում ունի։ Անկախ ամեն ինչից յուրաքանչյուր մարդ իրավունք ունի բարեկեցիկ կյանքով ապրելու, ապրելու այնտեղ, որտեղ գնահատվում է ինքն էլ, իր կատարած գործն էլ։ Արցախցիներիս նկատմամբ ՀՀ իշխանությունների նման դիրքորոշումը մտածելու տեղիք է տալիս, կարծես թե հատուկ հիասթափեցնելու համար են նման որոշումներ ընդունվում»,- մտահոգված է Մ․ Նիկողոսյանը։ Ամեն տարի հոկտեմբերի կեսերին խնածախցիները գյուղի տոնն էին նշում՝ ասում է։ Այն նաև համախմբման, տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումների մասին բարձրաձայնելուն էր ուղղված։ «Հիմա էլ փափագում ենք թեկուզ մեկ տարի բացթողումով հարազատ ծննդավայրում կրկին իրար աչքալուսանք տանք ու ասենք՝ հարատևիր Խնածախ»,- հույսը չի կտրում Մհեր Նիկողոսյանը։
Անահիտ Պետրոսյան