Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Բոլորիս հիմնական մտածմունքն աշխատանք գտնելն է․ Բերքաձոր համայնքի ղեկավար

«Կապը համագյուղացիների հետ մշտապես կա, ունեմ բոլոր բնակիչների հեռախոսահամարները, նրանց բնակության հասցեները։ Բոլորիս հիմնական մտածմունքն աշխատանք գտնելն է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Արցախի Բերքաձոր համայնքի ղեկավար Զարինե Մեքիյանը։

Սոցիալական աջակցությունները դեռևս օգնում են լուծել բնակարանային կարիքները։

«Դժվարությունները սկսվելու են դրանց դադարեցման հետ, եթե մեկ այլ ծրագիր չմեկնարկի։ Վերջապես աշխատանք եմ գտել, դասավանդում եմ դպրոցում»,-ասում է նա։

Արցախի Բերքաձոր գյուղի տարածքում պահպանվում էին ք.ա. 2-1 հազարմյակին պատկանող դամբարաններ, գրանցված է 14 պատմամշակութային հուշարձան։

«44-օրյա պատերազմի ընթացքում չնայած կորցրել էինք պատմական հայրենիքի մեծ մասը, սակայն  նվիրվածությամբ ու համբերությամբ էինք զինված՝ հավատալով, որ եթե մեր թիկունքում ռուս խաղաղապահներն են, ուրեմն ամեն ինչ լավ է լինելու։ Այդ վստահությունն ու հավատն է եղել պատճառը, որ բոլոր բերքաձորցիները 2020 թվականի դեկտեմբերի 1-ին արդեն հարազատ օջախներում էին։ Գյուղում ապաստան էր գտել թշնամու վերահսկողության տակ մնացած Արցախի այլ բնակավայրերից բռնագաղթած 25 ընտանիք ևս։ Ցավով պիտի նշեմ, որ 44-օրյա պատերազմի հետևանքով մեր գյուղը 2 կորուստ է ունեցել», -ասում է նա։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին թշնամին գործի դրեց ողջ զինանոցը․ առաջին արկերը պայթեցին հենց Բերքաձորում՝ հողի հետ հավասարեցնելով բնակելի շենքեր և առանձնատներ։

Ըստ համայնքի ղեկավարի տվյալների՝ գյուղի բնակֆոնդի 80 տոկոսը հրետակոծության առաջին ժամերի ընթացքում ավերվել է։

«Հրետակոծությունից 15 րոպե անց կարողացել ենք համայնքի բնակիչներին  տարհանել ապահով վայրեր։ Առանձնապես մտահոգիչ էր դպրոցականների վիճակը, քանի որ դպրոցում դասապրոցեսը ընթացքի մեջ  էր։ Մեր ուսուցիչները կարողացել են առանց խուճապի մատնվելու երեխաներին ուղեկցել ապաստարան։ Նշեմ, որ 6 ուսուցիչ գալիս էր մայրաքաղաքից ու դժվար չէ պատկերացնել, թե ինչ էր կատարվում նրանց հոգում, երբ սեփական տնից ու երեխաներից այդքան հեռավորության վրա էին գտնվում։ 

Քաղաքացիական անձանց շրջանում ունեցել ենք  4 վիրավոր, որոնցից 2-ը՝ անչափահասներ։ Բոլորը մի ընտանիքի անդամներ էին, ովքեր փորձում էին ապաստարան հասնել, սակայն ճանապարհին ընկել են հրետակոծության տակ։ Ավտոմեքենան, որի մեջ գտնվում էին նրանք, ամբողջությամբ ավերվել է»,- ասում է տիկին Մեքիյանը։

«Բերքաձորցիները հիմնականում զբաղվում էին գյուղատնտեսությամբ։ Գործում էին բոլոր ենթակառուցվածքները։ Օր-օրի գյուղը զարգանում, բարգավաճում էր, բարելավվում էին բնակիչների սոցիալ-կենցաղային պայմանները։ Ամեն ինչ իր բնականոն հունով էր ընթանում»,- հիշում է Զարինե Մեքիյանը։

Անահիտ Պետրոսյան