Բացել լրահոսը Փակել լրահոսը
1000024972
A A
Քաղաքականություն

Վրաստանի առաջին նախագահ Գամսախուրդիայի կողմնակիցներն առաջարկում են  ստեղծել «Կովկասյան տուն»

Գեորգի Ցիվցիվադձե, Վրաստանի օրինական Հանրապետության Կառավարության ղեկավար, -ներկայանում է  «Ա1+»-ի զրուցակիցը։ Ճշտող հարցին՝ արդյո՞ք այդպես  է հասարակական կազմակերպության անունը, նա պատասխանում է․  «Մենք կազմակերպություն չենք, մենք  Վրաստանի Հանրապետության  լեգիտիմ կառավարությունն ենք»։ Գեորգի Չիվչիվադձեն ու նրա համախոհները իրենց համարում են Վրաստանի առաջին նախագահ, հեղաշրջման հետեւանքով իշխանությունից զրկված  Զվիադ Գամսախուրդիայի (1939-1993) կողմնակիցներ եւ նրա ստեղծած կառավարության անդամներ։

«Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանն այսօր զարգանում է, սակայն մոտ ապագայում բազում խնդիրների առաջ է կանգնելու ինչպես հարեւան երկրների հետ  հարաբերություններում, այնպես էլ միջազգային մակարդակում»,-ասում է  Գեորգի Ցիվցիվադձեն։  Ըստ նրա՝  հարեւան երկրների հարաբերություններում անհրաժեշտ է իրականացնել արմատական փոփոխություններ՝ ընդգծելով կովկասյան տարածաշրջանի նշանակությունը համաշխարհային տնտեսական և քաղաքական զարգացման համար։

«Վրաստանի Հանրապետության կառավարություն» անունով հանդես եկող խումբը ներկայացնում է հավակնոտ առաջարկներ, որոնցից մեկն էլ «Կովկասյան միության» ստեղծումն է, որն առաջատար դեր կխաղա Եվրոպան և Ասիան կապող տարանցիկ ուղիներում: Նա կարծում է, Վրաստանի ռազմավարական դիրքը այդ առանցքային է դարձնում փոխադարձ տնտեսական շահի համար:

«Կովկասյան միության ստեղծման համար անհրաժեշտ է մշակել պարզ և խիստ, հետևողական համաշխարհային քաղաքական ուղեգիծ, որը, անհրաժեշտության դեպքում, կգործի որպես Կովկասյան տան և աշխարհի պետությունների անվտանգության պաշտպանության մեխանիզմ»,-ասում է  Գեորգի Ցիվցիվադձեն։

Նրա խոսքով՝  բնականաբար, «Կովկասյան տան» ստեղծումը  չի նշանակում Վրաստանի արտաքին քաղաքականության մեկ ուղղությամբ զարգացում․  կարևոր է խորացնել հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության, տարբեր միավորումների,  տարածաշրջանային  և  այլ երկրների հետ:

Ինչ վերաբերում է տարածաշրջանում առկա հակամարտություններին, ապա․ «Ազգային հողում առաջացող կոնֆլիկտների իրական պատճառների օբյեկտիվ ուսումնասիրությունը հրատապ խնդիր է, ինչը չի թույլատրի չար կայսերական ուժերին  մշտական բնույթ հաղորդել ազգամիջյան հակամարտություններին՝ հանուն իրենց շահերի»:

Գեորգի Ցիվցիվադձեն հայտնեց, որ իրենց առաջարկը ներկայացրել են  հրապարակավ, բայց հայաստանյան ուժերից արձագանք չեն ստացել։