Վահան Քերոբյանի նկատմամբ երկու ամսով տնային կալանքի որոշում կայացվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կկիրառվի տնային կալանքը:
Հակակոռուպցիոն դատարանը տնային կալանք է սահմանել 2 ամիս ժամկետով:
Տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը հրապարակեց քիչ առաջ:
Լրագրողների հետ զրույցում Քերոբյանը հայտնեց՝ կարծում է, որ կբողոքարկեն որոշումը:
Փետրվարի 14-ին Վահան Քերոբյանը հայտնեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման մասին: Փետրվարի 15-ին հայտնի դարձավ, որ Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով՝«Սիներջի» ընկերության հետ կապված գործով ։ Քերոբյանը մեղադրանքը չի ընդունում:
Փետրվարի 15ին ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ, որից 5ը Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք են:
Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարարությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով ձերբակալվել էին Էկոնոմիկայի նախարարի՝ պաշտոնից ազատված տեղակալ Անի Իսպիրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որն աշխատել է «Սիներջի» ընկերությունում, «Սիներջի» ընկերության հիմնադիր և ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը, ընկերության աշխատակից Լիլի Մկրյանը։ Ավելի ուշ Անի Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը, մյուս երեքը կալանավորվել էին: ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները միջնորդություն էին ներկայացրել Դատախազություն՝ փոխելու Աշոտ Հովհաննիսյանի, Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոցները:
Դատախազը 2024 թվականի փետրվարի 12ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ՝ «Սիներջի» ընկերության աշխատակիցներ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: