Մսի սպանդանոցային ծագման ոչ պլանային ստուգումներով անցած տարի խախտումներ համեմատաբար շատ են գրանցվել
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացված ոչ պլանային ստուգումների արդյունքում անցած տարի արձանագրված խախտումների թիվը 2022 թվականի համեմատ աճել է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը 2023 թվականի գործունեության ամփոփմանը նախ տեղեկացրեց, որ գործող սպանդանոցների թիվը անցած տարի հասել է 101-ի՝ նախորդ տարվա 99-ի փոխարեն:
«Իրականացվել է 271 ոչ պլանային ստուգում՝ 2022 թվականի 270-ի փոխարեն: Արդյունքում հայտնաբերվել է 130 խախտում՝ նախորդ տարվա 93-ի դիմաց»,-ներկայացրեց նա:
Հայրապետյանի խոսքով՝ արդեն իսկ ներդրվել է սպանդանոցային մորթի կառավարման նոր ծրագիր, որով պարտադիր է դարձել կենդանու հաշվառման համարի գրանցումը, դրոշմակնիքի առկայությունը մսի կտորների վրա և պարտադիր է դարձրել մորթը փաստող տեսահոլովակի ներբեռնումը վկայականի ստացման համար:
Արդյունքում բացառվել է առանց փաստացի մորթի անասնաբուժական համապատասխան վկայականի տրամադրումը:
Անցած տարվա չորրորդ եռամսյակի տվյալներով աճել է խոշոր եղջերավոր անասունների մորթը սպանդանոցային պայմաններում, որը նախորդ տարվա 954-ի փոխարեն կազմել է 2374, իսկ խոզերի սպանդանոցային մորթի ցուցանիշը 826-ից հասել է 1476-ի: