Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նվազել-են-ՃՏՊ-1024x683
A A
Հասարակություն

Նվազել են ՃՏՊ-ները, զոհերի ու վիրավորների թիվը. ՆԳ նախարարությունը դիմում է երթևեկության մասնակիցներին (տեսանյութ)

Հոկտեմբերի 28-ին Պարեկային ծառայությունը սկսեց գործել Սյունիքի, Վայոց ձորի, Արմավիրի և Արարատի մարզերում։ Այսպիսով, կարելի է փաստել, որ ձեռնարկված լայնածավալ միջոցառումների ու նախապատրաստական աշխատանքների շնորհիվ պարեկային ծառայություն իրականացվում է արդեն հանրապետության ողջ տարածքում։

Մեկնարկից օրեր անց՝ նոյեմբերի 10-ից, ՀՀ ներքին գործերի նախարարի հանձնարարությամբ ու ոստիկանության պետի հրամանով՝ Պարեկային ծառայությունը հանրապետության մարզերում անցել է ուժեղացված ծառայության։

Եվ արդյունքները սպասել չտվեցին:
Այսպես՝ նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 10-ը մարզերում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 529 պատահար։ Նախորդ ամսվա համեմատ՝ պատահարները նվազել են 291 դեպքով։ 250 դեպքով նվազել են նյութական վնասով, 31-ով՝ մարմնական վնասվածքի և 10 դեպքով՝ մահվան ելքով պատահարները։ Նվազել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների և մարմնական վնասվածքներ ստացած անձանց թիվը. զոհերը՝ 13-ով, իսկ մարմնական վնասվածքներ ստացած անձինք՝ 53-ով։

Ուժեղացված ծառայությանը զուգահեռ կատարված վերլուծությամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ են դարձել քաղաքացիների կողմից ոչ թույլատրելի հատվածով փողոցներ հատելը, վարորդի կողմից ոչ թույլատրելի հատվածով վազանց կատարելը, մեքենայի կառավարումը կորցնելը, ոչ սթափ վիճակում վարելը, հանդիպակաց երթևեկելի գոտի անցնելը և արագության գերազանցումը։

Մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ են դարձել վարորդների կողմից արագության գերազանցումը, հանդիպակաց գոտի դուրս գալը, ճանապարհների լուսավորված չլինելը և ոչ սահմանված վայրով վազանց կատարելը։
Ուժեղացված ծառայությունը շարունակվում է, բայց ցանկալի արդյունքի հասնել միայն վարչարարությամբ, անհնար է, ուստի Ներքին գործերի նախարարությունը դիմում է երթևեկության մասնակիցներին՝ ցուցաբերել գիտակից, իրավահարգ ու օրինապահ վարքագիծ։

Երթևեկության հարգելի՛ մասնակիցներ՝ վարորդներ, ուղևորներ ու հետիոտներ, կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, փոխադարձ հարգանք դրսևորել իրար նկատմամբ, խստագույնս հետևել երթևեկության անվտանգության ապահովմանն ու վերահսկողության բոլոր պահանջներին։

Հիշեք, որ առաջին հայացքից աննշան թվացող խախտումը կարող է կյանք արժենալ երթևեկության մասնակցի համար և ողբերգություն դառնալ նրա հարազատների համար։