Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ca454pture
A A
Քաղաքականություն

Սենատոր Քարդինը հորդորում է ԱՄՆ պետքարտուղարին պատասխանատվության ենթարկել Բաքվին «Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման իր ամոթավեր արշավի համար»

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հաղորդմամբ, օրերս արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ սենատոր Բեն Քարդինը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, ուր կոչ է արել վերջինիս շարունակել ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների համար Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու ու երկրամասը ստիպված լքած հայերին Միացյալ Նահանգների կողմից օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ։

Իր նամակում սենատոր Քարդինն ընդգծում է. «Ինչպես քաջատեղյակ եք, 2023 թվականի սեպտեմբերին նախագահ Իլհամ Ալիևը ձեռնարկեց ռազմական գործողություններ, որի արդյունքում շուրջ 100,000 հայեր ստիպված եղան հեռանալ իրենց տներից, և որի ընթացքում ադրբեջանական ուժերը, տեղեկությունների համաձայն, սպանել և վիրավորել են խաղաղ բնակիչների։ Այս հարձակումները ոչ միայն 2020 թվականի նոյեմբերի հրադադարի ակնհայտ խախտում է, այլև ուղորդվում էին, ինչպես հաղորդվել է, ցնցող վայրագություններով:

Մինչ ռազմական ներխուժումը, Ադրբեջանն իրականացնում էր Լեռնային Ղարաբաղի բնակչության փաստացի հումանիտար շրջափակում ՝ խոչընդոտելով սննդամթերքի, դեղորայքի և հումանիտար հիմնական պարագաների առաքմանը։ Շրջափակումից բացի, պետքարտուղարության 2022 թվականի Մարդու իրավունքների զեկույցում առկա են բազմաթիվ հաղորդումներ այն մասին, որ ադրբեջանական ուժերը հայերի նկատմամբ իրականացրել են արտադատական սպանություններ: Ավելին, և՛ սեպտեմբերից առաջ, և՛ դրանից հետո Ադրբեջանը շարունակել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային հուշարձանների զավթման ու ոչնչացման լայնորեն փաստագրված իր գործելաոճը՝ շարունակելով հետագա ջանքեր գործադրել հայոց պատմության ու մշակույթի բնաջնջման ուղղությամբ»,- գրել է սենատոր Քարդինը:

Իր նամակում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը շեշտել է՝ «շարունակում եմ խորապես մտահոգված լինել, որ Ադրբեջանը կարող է հետագա ռազմական գործողություններ ձեռնարկել՝ լրացուցիչ քաղաքական օգուտներ ձեռք բերելու համար, մասնավորապես, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հետ կապված»:

Նա խստորեն հորդորում է պետքարտուղար Բլինքենին շարունակել աշխատանքը միջազգային գործընկերների և կազմակերպությունների հետ՝ աջակցություն ցուցաբերելու համար այն ջանքերին, որոնք միտված են պատասխանատվության ենթարկել Ալիևի ռեժիմին վերջինիս գործողությունների համար։ Մասնավորապես, սենատորը ցանկանում է տեղեկանալ, թե ինչ քայլեր է ձեռնարկել կամ նախատեսում է ձեռնարկել պետքարտուղարությունը «Ալիևի ռեժիմի կողմից ռազմական հանցագործությունների և այլ վայրագությունների հնարավոր կատարման վերաբերյալ ապացույցներ հավաքագրելու», Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, այս հարցում միջազգային արդարադատության համապատասխան ատյանների հետ համագործակցելու ուղղությամբ: Բացի այդ, սենատորն իր նամակում հետաքրքվում է, թե ինչ քայլեր են ձեռնարկվել պետքարտուղարության կողմից՝ 2023 թվականի սեպտեմբերի հարձակման ժամանակ տեղահանված հայերին աջակցություն ցուցաբերելու և Ադրբեջանին հասկացնելու համար, որ իր հարևանների նկատմամբ ագրեսիան անընդունելի է:

«Չափազանց կարևոր է, որ Միացյալ Նահանգները շարունակի մեր հանձնառությունը՝ կանխելու վայրագությունները, պաշտպանելու խոցելի քաղաքացիներին և պատասխանատվության ենթարկելու վայրագությունների համար պատասխանատուներին իրենց գործողությունների դիմաց: Մենք պետք է հստակ ուղերձ հղենք նրանց, ովքեր հավատացած են, որ կարող են անպատիժ գործել»,- նշել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինը՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված իր նամակում: