Մեսրոպ Առաքելյանի և Լևոն Զուրաբյանի համատեղ հրատապ մամուլի ասուլիսը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀրապարակային հայտարարում ենք՝ լինելով իշխանություն, եթե պատրաստ եք նոր ընտրության, եկեք Ալավերդի համայնքում նոր ընտրություններ անենք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին հրավիրված ասուլիսին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով Ալավերդիում ստեղծված իրավիճակին։
«Ալավերդիում «Ապրելու երկիր» կուսակցության և ՀԱԿ դաշինքի միջոցով ընտրված քաղաքապետի դեմ ՔՊ-ն անվստահության գործընթաց է սկսել՝ ավագանիներից ոմանց փորձելով շանտաժի միջոցով իր կողմը տանել։ Ալավերդի համայնքի կոմպրոմիսային լուծումը մենք տեսնում ենք այն սկզբունքով, որ մենք ընդունում ենք, որ իշխանությունը պետք է ձևավորվի ժողովրդի կողմից։ Հիմա, եթե այսպիսի իրավիճակ է ստեղծվել, ժողովրդի կողմից իշխանության ձևավորման ուղիղ ճանապարհը ավագանու արտահերթ ընտրություններն են»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ ՏԻՄ օրենքով կարող են լուծել հարցը և արտահերթ ընտրություն նշանակել։
«Ունենալով նույն վարչական ռեսուրսները, լծակները՝ բնական է, որ վախենում են, սա հերթական անգամ փաստում է, որ ՔՊ-ն վախենում է Ալավերդիում ընտրություններին արձանագրի իր հերթական պարտությունը։ Եթե չեն վախենում, կառավարության ձեռքն է՝ առաջիկա օրերին ավագանին լուծարել»,-ասաց նա։
Մեսրոպ Առաքելյանը հավելեց, որ իրենց նպատակն է Ալավերդիում աշխատել և ապացուցել, որ արժանի են այն վստահությանը, որ ստացել են. «Բայց 3 ամիս է՝ նիստերը բոյկոտում են։ Ավագանու նիստերի բացակայությունը լուրջ խոչընդոտում է մեր ծրագրերին»: