Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԳՆ
A A
Պաշտոնական

Հայաստանում հակասեմականությունը և ազգային կամ կրոնական հիմքով անհանդուրժողականությունը տեղ չունի․ ԱԳՆ

 Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Երևանում սինագոգի նկատմամբ վանդալիզմի դրսևորումը։ Թեմայի վերաբերյալ լրատվամիջոցների հարցին պատասխանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Հարց. Տարածվեց տեղեկատվություն Երևանում սինագոգի նկատմամբ վանդալիզմի դեպքի մասին, որը նաև լրատվամիջոցներում տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել: Կանդրադառնա՞ք թեմային:

Պատասխան. Ինչպես նախկինում շեշտել ենք, ՀՀ-ն անթույլատրելի է համարում կրոնական ցանկացած կառույցի նկատմամբ ոտնձգությունը և ի մասնավորի Երևանում սինագոգի նկատմամբ վանդալիզմի որևէ դրսևորում, անհարգալից ցանկացած գործողություն։ Անհանդուրժողականության կամ դրա հրահրման այսպիսի դեպքերն անընդունելի են, և ՀՀ իրավասու մարմինների կողմից արդեն իսկ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Մենք կտրականապես մերժում ենք միջադեպի, թեմայի ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, քարոզչական կամ այլ նկատառումներով: Հայաստանում հակասեմականությունը և ազգային կամ կրոնական հիմքով անհանդուրժողականությունը տեղ չունի։