Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արցախցիները դուրս եկան փոխնախարարի հետ հանդիպումից. ի՞նչ են խոստացել (տեսանյութ)

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները կստանան իրենց թոշակները։ Այս մասին այսօր մի խումբ արցախցիների վստահեցրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։ Ինչպես տեղեկացրել էինք, արցախցիներն այսօր բողոքի ցույց էին անում՝ պահանջելով իրենց կենսաթոշակն ու զինվորական թոշակները։

Ցույցի մի քանի մասնակիցների ընդունել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։ Հանդիպումից հետո պահեստազորի մայոր Արմեն Պետրոսյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչ է ասել փոխնախարարը։ Պետրոսյանի պատմելով՝ իրենց հարցին՝ արդյոք արցախցիները ՀՀ քաղաքացին են, թե՝ ոչ, եւ որպես ՀՀ քաղաքացի, գտնվում են արդյոք նույն սոցիալական պաշտպանվածության դաշտում, ինչպիսին ՀՀ քաղաքացին է, փոխնախարարը պատասխանել է՝ Արցախի 070 կոդը համարվել է ճամփորդական փաստաթուղթ․ «Ասաց՝ այն կարգավիճակը, որ տրվի, ոչ մի բանով չի զիջում ՀՀ քաղաքացու կարգավիճակին։ Հարցրել ենք՝ եթե ՀՀ քաղաքացիություն չընդունենք, թոշակ չե՞նք ստանալու։ Ասաց, որ նման խնդիր չկա։ Փոխնախարարը հավաստիացրել է, որ բոլորը իրենց թոշակները ստանալու են, քաղաքացիական անձինք՝ հոկտեմբերի 26-ից այս կողմ, իսկ զինծառայողները՝ օրենքի փոփոխությունից հետո»։

Հինգշաբթի օրը, ըստ Պետրոսյանի, կառավարությունը հայտարարություն է անելու, պարզաբանելու բոլոր հարցերը։ Արցախցիների հարցին՝ թե տուն չունենք, որտեղ գրանցվենք, փոխնախարարը պատասխանել է՝ արցախցիները կարող են գրանցում ստանալ անձնագրային բաժիններում, եւ պարտադիր չէ որեւէ սեփականություն ունենալ։ «Փոխնախարարն ասաց, որ ձեր գրանցումը որեւէ մեկի սեփականության նկատմամբ ոտնձգություն չի կարող համարվել»,-փոխանցեց Պետրոսյանը։