Բացել լրահոսը Փակել լրահոսը
կարմիր խաչ
A A
Պաշտոնական

ԿԽՄԿ-ն ներկայացնում է, թե ինչ իրավիճակ է հայաթափված Արցախում

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տեսանյութ է հրապարակել հայաթափված ու էթնիկ զտման ենթարկված Արցախից։ Նշվում է, որ ԿԽՄԿ-ի թիմերն այցելում են Ղարաբաղի համայնքներով՝ վերջին շրջանում ռազմական գործողությունների սրմանը հաջորդած  արտագաղթից հետո մարդկանց օգնություն ցույց տալու նպատակով:

Կառույցը հայտնում է, որ քիչ թվով մարդիկ են մնացել իրենց տներում՝ կա՛մ կամավոր, կա՛մ այն պատճառով, որ չեն կարողացել ինքնուրույն հեռանալ: Ոմանք պահանջում են բժշկական օգնություն կամ սնունդ ու ջուր: Մյուսները օգնություն են խնդրում սիրելիների հետ կապ հաստատելու կամ մեկնելու համար տրանսպորտ ապահովելու հարցում: Կարմիր խաչի թիմերը նաև աջակցել են մահացած մարդկանց տեղափոխմանը։

«Մոտենում է ձմեռը։ Ես գիտեմ իմ անձնական փորձից, որ այստեղ ձմեռնեը շատ դաժան են։ Ժամանակը էական նշանակություն ունի։ Մենք պետք է մտնենք այդ տարածքներ անհրաժեշտ փորձով ու նյութերով»,- ասել է ԿԽՄԿ-ի հետ աշխատող փորձագետ Քրիս Փուլը:

Ստեփանակերտում թիմերը կապի մեջ են սակավաթիվ բնակիչների հետ, ովքեր մնում են իրենց տներում: Տները, խանութներն ու գրասենյակները մնացել են լքված, իսկ փողոցներում կարելի է տեսնել բազմաթիվ շների ու կատուների։

Կարմիր խաչը  հանդիպել է մի տղամարդու, որը ապրում է առևտրի կենտրոնում գտնվող փոքրիկ կրպակում: Մյուսները շնորհակալ են հաց ու ջուր ստանալու կամ ԿԽՄԿ-ի հեռախոսներից օգտվելու համար, որպեսզի փորձեն կապ հաստատել ընտանիքի կամ ընկերների հետ:

ԿԽՄԿ-ի թիմին մոտեցել է  մի տղամարդ, որը ապրում է իր 92-ամյա հոր հետ շատ հեռավոր լեռնային համայնքում: Նա տեղյակ չի եղել, որ այդքան մարդ լքել է Արցախը, քանի որ նա մի քանի շաբաթ է, ինչ հոսանքազրկված է, հեռուստացույց կամ ռադիո չկա։

«Հեռվից տեսա, որ եկել եք։ Ես պատրաստվում էի ջուր հավաքել և տեսա, որ դուք այնտեղ եք։ Երբ մարդիկ փախչում էին, ես չէի կարող հեռանալ հորս հետ, քանի որ նա շատ ծեր մարդ է։ Փառք Աստծո, որ եկաք, տեսանք, տեղեկություն ստացանք, թե ինչ է կատարվում այս պահին»,-ասել է Ահարոն Ղազարյանը։