Բացել լրահոսը Փակել լրահոսը
0f552a2d-e035-45d1-9653-657c9834f364_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Թուրքիան հայտնվել է միջազգային ճնշման ներքո՝ «Համասի» ղեկավարներին հյուրընկալելու համար

Թուրքիան իր միջնորդությունն է առաջարկել իսրայելա-պաղեստինյան շարունակվող հակամարտության հանգուցալուծման գործում։ Մյուս կողմից, նախագահ Էրդողանը հայտնվել է միջազգային ճնշման ներքո՝ ԱՄՆ և արևմտյան այլ երկրների կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման ղեկավարներին հյուրընկալելու համար, հայտնում է Ամերիկայի ձայնը։

Թուրքիան իր միջնորդությունն է առաջարկել իսրայելա-պաղեստինյան շարունակվող հակամարտության հանգուցալուծման գործում։ Մյուս կողմից, նախագահ Էրդողանը հայտնվել է միջազգային ճնշման ներքո՝ ԱՄՆ և արևմտյան այլ երկրների կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման ղեկավարներին հյուրընկալելու համար։

Ստամբուլում հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց՝ դատապարտելու իսրայելական ռազմուժի գործողությունները Գազայի հատվածում:

Հայտնի է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայում սատարող մարդկանց մի զգալի մասն առանձնանում է իր կրոնական հայացքներով և հակաիսրայելական դիրքորոշմամբ։ Էրդողանն ինքն է նախկինում եղել հրեական պետության դեմ ակտիվորեն հանդես եկող գործիչների թվում, սակայն այժմ Թուրքիայի նախագահը փորձում է նուրբ մոտեցում ցուցաբերել՝ ձգտելով վերականգնել խարխլված հարաբերություններն Իսրայելի հետ։

Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի միջազգային հարաբերությունների գծով պրոֆեսոր Սոլի Օզելը նշում է․ «Իսրայելի հետ մերձեցումը կարևոր է Էրդողանի համար, և [իսրայելա-պաղեստինյան ներկայիս հակամարտության վերաբերյալ Անկարայի] արձագանքները բավականին մեղմ են՝ ի տարբերություն նախորդ անգամների»:

Անկարայում Իսրայելի դեսպանատունն անգամ տեսանյութ է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով Թուրքիայի քաղաքացիներին, ովքեր սոցցանցերի միջոցով համերաշխություն են հայտնել Իսրայելի ժողովրդին:

Սակայն Անկարայում Էրդողանի հանդիպումը «Համասի» ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև Իսրայելից հնչող մեղադրանքը, թե չնայած տեղի ունեցածին, խմբավորման բազմաթիվ բարձրաստիճան անդամներ շարունակում են բնակվել Թուրքիայում, կարող է կրկին լարվածություն առաջացնել թուրք-իսրայելական հարաբերություններում։

Թել Ավիվում գործող Ազգային անվտանգության հետազոտությունների ինստիտուտի վերլուծաբան Գալյա Լինդենշտրաուսն ուշադրություն է հրավիրում Թուրքիայի իշխանությունների որոշման վրա՝ ապաստան տալ «Համասի» զինյալներին․ ««Համասն» այժմ Թուրքիայում է։ Այն փաստը, որ «Համասի» մարդիկ գործում են Թուրքիայում, Իսրայելի տեսանկյունից խնդրահարույց է»:

Մինչդեռ, Էրդողանը պնդում է՝ «Համասի» հետ սերտ կապերը Անկարային թույլ են տալիս միջնորդական դեր ստանձնել և հակազդել խմբավորման նկատմամբ Իրանի ազդեցության ամրապնդմանը:

«Reuters»-ի հետ զրույցում անանուն թուրք պաշտոնյան տեղեկացրել է՝ Անկարան աշխատում է «Համասի» կողմից պատանդ պահվող ավելի քան հարյուր իսրայելցիների ազատ արձակման ուղղությամբ:

Մի կողմից Թուրքիան կոչ է անում Իսրայելին զսպվածություն ցուցաբերել, մյուս կողմից՝ սատարում է «Համասի» զինյալներին պատասխանատվության ենթարկելու վարչապետ Նեթանյահուի պահանջը:

Ստամբուլի Եդիթեփե համալսարանի ղեկավարի խորհրդական Մեսութ Կազին կարծիք է հայտնում․ «Այս հարցում ես աջակցում եմ պարոն Նեթանյահուին: Նրանք պետք է բռնեն և պատժեն հանցավոր արարքների հեղինակներին: Եթե սպանում են երեխաների և քաղաքացիական անձանց, գործ ունենք էթնիկ զտումների հետ»։

Այս ամենի ֆոնին, ինչպես հայտնի է, իսրայելական բանակն ուժեղացնում է ճնշումը Գազայի հատվածի նկատմամբ՝ պատրաստվելով ցամաքային գործողության, ինչը, ըստ դիտորդների, կբարդացնի Էրդողանի դրությունն այս հարցում:

«Շատ արյուն է հոսելու։ Կարծում եմ, իսրայելցիներն անողոք են լինելու և չեն պատրաստվում լսել որևէ մեկի կոչը զսպվածության մասին»,- ասում է Սոլի Օզելը:

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը աջակցում է պաղեստինցիներին և դատապարտում Իսրայելին, ինչն իր հերթին լրացուցիչ գործոն է, որը կարող է հարկադրել Էրդողանին խստացնել դիրքորոշումն Իսրայելի նկատմամբ: