Որ դեպքում Անդրանիկ Թեւանյանը կհամագործակցի Հայկ Մարությանի հետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ է Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը անցած քաղաքական ուժերի հետ համագործակցության, եթե նրանք կիսեն ամբողջական իշխանափոխության օրակարգը, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը։
«Ունենք կոնկրետ սկզբունքներ, որոնց համաձայն կարող ենք այս կամ այն ուժի հետ համագործակցել։ Այդ սկզբունքները երեքն են։ Առաջինը՝ պետք է գնահատական տրվի Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը։ Երկրորդը՝ այն ուժը, որը հավակնություն ունի մեզ հետ համագործակցելու, պետք է որևէ պարագայում հնարավոր չտեսնի «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունը։ Եվ երրորդը՝ ամբողջական իշխանափոխության մեր ծրագիրը կիսելն է։ Այս առումով բաց ենք քննարկումների համար։ Մենք կարող ենք այդ քննարկումները վարել և ստանալ կոնկրետ արդյունքներ»,- ասաց Թևանյանը։
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ են «Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» կուսակցությունների հետ կոալիցիա կազմելը և, եթե, այո, ապա պատրա՞ստ են աջակցել Հայկ Մարությանին՝ որպես քաղաքապետի թեկնածու, Թևանյանը պատասխանեց, որ ներկայումս որպես այդպիսին բանակցություններ չկան։
«Մենք տեսել ենք հանրային հնչեցրած տեսակետներ, և մեր սկզբունքը ու մոտեցումը հետևյալն է, որ պատրաստ ենք քննարկել համագործակցության բոլոր տիպի ձևաչափերը այն պարագայում, երբ ուժը կիսում է մեր մոտեցումները ամբողջական իշխանափոխության ծրագրի մասով։
Կոնկրետ Հայկ Մարությանի մասով, տեսնելով այն ձայները, որ հավաքել է ոչ իշխանական դաշտից, ապա մենք հետևյալ սկզբունքով ենք առաջնորդվում, որ կարող ենք օգնել, որպեսզի ինքը համապատասխան ձայներ հավաքի և կանենք այն դեպքում, եթե պարզվի, որ ինքը կիսում է մեր օրակարգը ամբողջական իշխանափոխության մասով։ Ի սկզբանե հայտարարում ենք, որ որևէ պաշտոնի կամ որևէ վերահսկողական լծակ վերցնելու չենք հավակնում, եթե հնարավոր համագործակցություն տեղի ունենա»,- ասաց Թևանյանը։