Ադրբեջանի պնդումները, թե Հայաստանը տորպեդահարում է խաղաղ բանակցությունները, կատարյալ սուտ են. Էդմոն Մարուքյան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը կատարյալ սուտ է որակել Բաքվի այն պնդումները, թե Երևանը տորպեդահարում է խաղաղ բանակցությունները, իսկ հայկական զինված ուժերը զանգվածային ականապատում են իրականացնում Ադրբեջանի տարածքում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Էդմոն Մարուքյանը՝ փաստելով, որ հայկական կողմը Ադրբեջանին է հանձնել ականապատ դաշտերի քարտեզները, ինչը վստահության քայլ էր։
«Ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում է ռազմագերիների առևանգել Լաչինի միջանցքից և ՀՀ ինքնիշխան տարածքից, շարունակական կրակոցներ է արձակում, օգտագործում դիպուկահարներ, իրականացնում սադրանքներ և դիվերսիաներ Լեռնային Ղարաբաղում (այս համատեքստում է նաև հրադադարի ռեժիմի խախտումը և դրա հետևանքով ԼՂ պաշտպանության բանակի զինծառայողի վիրավորումը, որն արձանագրվել է նաև ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից): Այսպիսով, Ադրբեջանը շարունակում է խնդիրներ առաջացնել՝ կապված վստահության ստեղծման հետ՝ խոչընդոտելով նաև Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսությանը»,-ասել է Մարությանը՝ հավելելով, որ ՀՀ վարչապետը ձեռնարկել է հնարավոր և անհնարին բոլոր քայլերը խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության մակարդակը բարձրացնելու համար, որպեսզի համապարփակ և կայուն խաղաղություն կնքվի Ադրբեջանի հետ, ինչը, սակայն, շարունակական կերպով տորպեդահարվում է նրա կողմից։