Վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան
Աջակցիր «Ա1+»-ինԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստում անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը:
Այս մասին գրում է «Լուրեր»-ը:
«ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում արագ վատթարացող հումանիտար իրավիճակով: Պետքարտուղար Բլինքենը զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ արտահայտելու Միացյալ Նահանգների մտահոգությունը և ընդգծելու երկխոսության, փոխզիջումների անհրաժեշտությունը, կողմերի միջև վստահության ձևավորման կարևորությունը: Պետքարտուղարը խոստացել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը խաղաղ գործընթացին։
Մենք նշում ենք, որ մարդասիրական պաշարները տեղակայված են ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիների մոտ, և մենք կրկնում ենք մեր կոչը՝ անհապաղ և միաժամանակ բացել երկու միջանցքները՝ թույլ տալու համար անհրաժեշտ մարդասիրական մատակարարումները Լեռնային Ղարաբաղի տղամարդկանց, կանանց և երեխաներին, ինչպես նաև վերականգնել գազի և էլեկտրաէներգիայի հոսքերը։
Մենք նաև կոչ ենք անում ղեկավարներին՝ չձեռնարկել որևէ գործողություն, որը բարձրացնում է լարվածությունը կամ շեղում այս նպատակից: Վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է։ Կրկնում եմ՝ վեճերը լուծելու համար ուժի կիրառումը բացարձակապես անընդունելի է: Մենք հետևողականորեն ասել ենք, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի առևտրային, հումանիտար և մասնավոր երթևեկության համար՝ համաձայն Հաագայի դատարանի փետրվարի 22-ի վճռի, նաև ընդգծել իրավիճակի սրությունն ու հրատապությունը, որին բախվում են Լեռնային Ղարաբաղի բնակիչները։
Մենք կրկին կոչ ենք անում Ադրբեջանին ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքի երկու ուղղություններով։ Մենք այս ուղերձը բազմիցս փոխանցել ենք ինչպես հրապարակայնորեն, այնպես էլ մասնավոր կերպով Ադրբեջանի կառավարությանը՝ բոլոր մակարդակներով, և հորդորում ենք Լեռնային Ղարաբաղի բնակիչներին ընդունել մատակարարումները։
Ես խորապես մտահոգված եմ, որ եթե կողմերն անհապաղ քայլեր չձեռնարկեն իրավիճակին լուծում գտնելու համար, Լեռնային Ղարաբաղի ներսում հումանիտար իրավիճակը կշարունակի վատթարանալ: