Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Տեղի է ունեցել Արցախի նորընտիր նախագահի երդմնակալությունը (տեսանյութ)

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանիպաշտոնի ստանձնման  նպատակով 2023 թվականի սեպտեմբերի 10-ին հրավիրվել է ԱՀ Ազգային ժողովի հատուկ նիստը, որը վարում էր ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը:

Նիստին ներկա էին 30 պատգամավորներ:

Հատուկ նիստին դահլիճ են բերվել Արցախի Հանրապետության Սահմանադրությունը և 17-րդ դարի Ավետարանը:

Այնուհետև, օրենքով սահմանված կարգով, Նախագահ Սամվել Շահրամանյանը երդում է տվել.«Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»:

Երդման արարողությունից հետո հնչել է Արցախի Հանրապետության պետական օրհներգը: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի շնորհավորական և օրհնանքի խոսքը  ներկայացրել է Տեր Մինաս քահանան:

«Արդեն 32 տարի է, ինչ արցախցիները կանգնած են հայ ժողովրդի գոյության և արժանապատվության պայքարի առաջնագծում և բազում զրկանքներ ու տառապանքներ են կրել ու դեռ շարունակում են կրել:Բազմավաստակ մեր ժողովուրդը այսօր ամեն ինչից առավել կարիք ունի սիրո և անկեղծության, և առաջին հերթին ՝ իր երկրի ղեկավարների կողմից: Արցախի քաղաքական դաշտում առկա համերաշխության և միասնականության մթնոլորտը պետք է դառնա մեր պայքարիամուր հիմքը և ողջ հայության համախմբման շարժիչ ուժը», - ընդգծված է հոգևոր առաջնորդի շնորհավորական ուղերձում:

ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը Ազգային ժողովի և անձամբ իր անունից շնորհավորել է  Սամվել Շահրամանյանին Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու և պաշտոնը ստանձնելու կապակցությամբ մաղթել է հաջողություն ի փառս երկրի և ի բարօրություն Արցախի ժողովրդի:

Հատուկ նիստին մասնակցել են ԱՀ երկրորդ, երրորդ և չորրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը,ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը,  ԱՀ ԱԺ 3 գումարումների նախագահ Աշոտ Ղուլյանը, ուժային կառույցների ղեկավարներ, ԱՀ անվտանգության խորհրդի ու կառավարության անդամներ, դատական համակարգի պատասխանատուներ, Ստեփանակերտի քաղաքապետը, շրջանային վարչակազմերի ղեկավարները, քաղաքական կուսակցությունների և հասարարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: