Բացել լրահոսը Փակել լրահոսը
96514EDD-1B2E-46DD-A236-8D30F189A6F0_cx0_cy8_cw0_w1597_n_r1_st_s
A A
Քաղաքականություն

Մոսկվան իսկույն անհանգստություն է հայտնում ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության անգամ թվիթերյան գրառման կապակցությամբ

Ազատություն ռ/կ 

«Հայ ժողովուրդը բավականաչափ իմաստություն ունի, որպեսզի տուրք չտա ՆԱՏՕ-ի փորձերին՝ հանրապետությունը ներքաշելու դաշինքի ազդեցության ոլորտ», - պետական ՏԱՍՍ գործակալությանն ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ խոսքն ուղղելով ոչ թե Հայաստանի իշխանություններին, այլ ժողովրդին ու հանրությանը։

«Մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի փորձերը՝ իր վնասակար ազդեցության ոլորտ ներքաշել ոչ միայն Ուկրաինային, այլև Ռուսաստանի մյուս հարևաններին, տվյալ դեպքում՝ Հայաստանին։ Համոզված եմ՝ Հայաստանի հանրությունը, Հայաստանի ժողովուրդը բավականաչափ իմաստություն, հեռատեսություն ունի՝ օբյեկտիվ հասկանալու ժամանակակից միջազգային իրականությունը, որպեսզի չտրվի ՆԱՏՕ-ի այդպիսի սադրիչ, հակառուսական ու հակահայկական փորձերին՝ ներքաշելու Հայաստանը իր ազդեցության ոլորտ», - հայտարարել է ռուս բարձրաստիճան դիվանագետը:

«Մենք ոչ ոքի ոչինչ չենք թելադրում։ Բայց մենք, բնականաբար, մեր գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում, որ ՆԱՏՕ-ին մերձենալը դժվար թե որևէ մեկի համար դրական արդյունք ունենա սեփական անվտանգությունն ապահովելու առումով», - ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը և կրկին համոզմունք հայտնել, որ Հայաստանի ժողովուրդն այդ ամենը հրաշալի հասկանում է և Հայաստանի երկարաժամկետ անվտանգության շահերին համապատասխանող ճիշտ եզրակացություններ կանի։

Ավելի վաղ Հայաստանը հայտնել էր, որ ԱՄՆ-ի հետ զորավարժություններ է անցկացնելու իր տարածքում։ Անցած երկուշաբթի օրը ՆԱՏՕ-ի զարգացման եվրոպական կոմիտեի նախագահ Գյունտեր Ֆելինգերն ասել էր, որ Հայաստանին հարկ է անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին։ «Հայաստանին կոչ եմ անում միանալ ՆԱՏՕ-ին», - X (նախկին Twitter) սոցցանցում գրել էր ավստրիացի գործիչը։