Հայաստանի Հելսինկյան կոմիտեն՝ Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հելսինկյան կոմիտեի հայտարարությունը Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ
2023 թ․ սեպտեմբերի 4-ին «Ականատես» դիտորդական առաքելությունը հրապարակեց Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում կուսակցությունների կողմից գումարի դիմաց քարոզարշավին մարդկանց ներգրավելու վերաբերյալ փաստեր։ Ըստ հրապարակման՝ սոցիալական ցանցերի միջոցով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար հավաքագրում են երթերի մասնակիցներ՝ յուրաքանչյուր մեկ ժամի համար առաջարկելով 1000-ական դրամ։ Վերջիններիս տրվում են հանձնարարություններ որոշակի հագուստ կրելու, անձնական տվյալներ տրամադրելու և կուսակցության գլխամասային գրասենյակ այցելելու վերաբերյալ1։
Նկարագրված փաստերը ամբողջությամբ համապատասխանում են ՀՀ քրեական օրենգսրքի 236-րդ հոդվածի՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմին2։ 2022 թվականից նշված հոդվածով քրեական հետապնդում է իրականացվում ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի, ինչպես նաև ՀՅԴ անդամներ Արտավազդ Մարգարյանի և Գառնիկ Մանուկյանի նկատմամբ, ինչին Կոմիտեն անդրադարձել է իր նախորդ զեկույցներում ։
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն բազմիցս անդրադարձել է նշված հանցակազմի՝ մարդու իրավունքների միջազգային չափանիշներին չհամապատասխանելու հարցին և առաջարկել դադարեցնել դրա գործողությունը։ Հավաքների ազատության իրավունքի համատեքստում Եվրոպայի և ԵԱՀԿ տարածաշրջանի լավագույն փորձը և չափանիշները ներկայացված են Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից մշակված Խաղաղ հավաքների ազատության ուղեցույցում4։ Ըստ ուղեցույցի 52-րդ պարբերության՝ «Հավաքներին մասնակցության խրախուսումը չպետք է իրավական կարգավորման ենթարկվի, քանի դեռ նման խրախուսանքի տրամադրումը չի հակասում օրենքով նախընտրական քարոզչության ֆինանսավորման վերաբերյալ սահմանված, համաչափ սահմանափակումներին»։
Հանցակազմը, առկա խմբագրությամբ, չի անդրադառնում նախընտրական քարոզչության ֆինանսավորման սահմանափակումներին։ Երկակի խնդրահարույց է այն հանգամանքը, որ միջազգային չափանիշներին համապատասխան չլինելով հանդերձ այն կիրառվում է ընդդիմադիր գործիչների դեմ, մինչդեռ իշխող կուսակցության անդամների կողմից գումարի դիմաց ցուցարարները հավաքագրվում են նախընտրական քարոզչության ընթացքում։ Հարկ է նշել, որ Երևանի ավագանու ընտրությունները իրենց ծավալով և քաղաքական կարևորությամբ երկրորդն են՝ ՀՀ ԱԺ ընտրություններից հետո։