Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0153115
A A
Քաղաքականություն

Արցախի նախագահը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել Կոռնիձոր ժամանած Ֆրանսիայի պատվիրակության հետ (տեսանյութ)

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախը չի մոռանա իրեն սատարող բարեկամներին:

Արայիկ Հարությունյանն այս մասին հայտարարել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի քաղաքապետի և մի շարք այլ ռեգիոների ներկայացուցիչների հետ ուղիղ տեսակապի ժամանակ:

«Անցած տարի դեկտեմբերին եղել եմ Ֆրանսիայում, հանդիպումներ եմ ունեցել մեր բարեկամների հետ և այդ ժամանակ զգուշացրել եմ այն ամենի մասին, ինչ  այսօր կատարվում է: Ցավոք, այդ կանխատեսումները արդարացան: Իհարկե, Ադրբեջանը ակնկալում է հումանիտար ճնշման միջոցով ծնկի բերել արցախցուն, Արցախին, բայց դա չի հաջողվի: Մենք հարգել գիտենք, բայց ծնկի գալ չգիտենք: Պայքարելու ենք այնքան, ինչքան հնարավորություն ունենանք։ Չնայած որևէ ակնկալիք չունենք աշխարհից, գերտերություններից, միջազգային կառույցներից, բայց մենք շարունակելու ենք: Հազարամյակներով ժառանգած արժանապատվությունը մեզ համար ավելի կարևոր է»,-  նշել է Հարությունյանը:

Արցախի Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայից Արցախի համար հատկացված հումանիտար առաքելության բոլոր մասնակիցներին՝ նշելով, որ Արցախը դա երբեք չի մոռանա:

«Այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, նման է ցեղասպանության. արդարադատության միջազգային դատարանի նախկին դատախազը սա որակում է որպես ցեղասպանություն, չորս սկզբունքները, որոնք երեւույթը բնորոշում են որպես ցեղասպանություն, ճանաչված են միջազգային հանրության եւ փորձագետների կողմից»,-Գորիսում ասուլիսի ժամանակ հայտարարեց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։ Նա դիմեց Ֆրանսիայի նախագահին՝ օգտագործելու Ֆրանսիայի ազդեցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ Արցախի ժողովրդի իրավունքները հարգելու վերաբերյալ բանաձեւ ընդունելու համար։

«Կոչ ենք անում հարգել միջազգային իրավունքը, արցախահայությունն իր կամքին հակառակ գտնվում է շրջափակման մեջ, շրջափակումն իրականացվում է միջազգային իրավունքի եւ 2020 թվականի հրադադարի մասին հռչակագրի խախտմամբ»,-ասաց նա։ Տիկին Իդալգոյի խոսքով՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի`ցեղասպանության կանխարգելման համար պատասխանատու խորհրդականն օգտագործում է նույն բառը` որակելով այն, ինչ այսօր տեղի է ունենում, որպես ցեղասպանություն եւ էթնիկ զտում ավտորիտար ռեժիմի կողմից մի ժողովրդի նկատմամբ, որը միայն պահանջում է հարգել այն իրավունքները, որոնք պետք է ունենա ցանկացած մարդ, ցանկացած ժողովուրդ:

Մանրամասները՝ տեսանյութում