ՄԱԿ-ի փորձագետներն Ադրբեջանին կոչ են անում վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը
Աջակցիր «Ա1+»-ինՄԱԿ-ի մի խումբ փորձագետներ տագնապ են հայտել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման առնչությամբ, ինչը սոսկալի հումանիտար ճգնաժամի է հանգեցրել Լեռնային Ղարաբաղում:
«Լաչինի միջանցքի շրջափակումը հումանիտար ճգնաժամ է, որը հանգեցրել է սննդամթերքի պաշարների, այն թվում՝ ձեթի, ձկնամթերքի, թռչնամսի, կաթնեղենի, ցորենի, շաքարի և մանկական սննդի կտրուկ նվազման», նշում են փորձագետները:
Փորձագետները կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի զինադադարի մասին պայմանագրի:
Նրանք նաև կոչ են անում շրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերին պաշտպանել միջանցքը՝ համաձյան զինադադարի մասին պայմանագրի դրույթների:
«Վերացնելով շրջափակումը, իշխանությունները կազատեն Լեռնային Ղարաբաղի հազարավոր բնակիչներին տառապանքներից և թույլ կտան մարդասիրական օգնության անխոչընդոտ առաքումը քաղաքացիական բնակչությանը։ Այս սուր պահին անհրաժեշտ է ապահովել բոլոր անհատների անվտանգությունը, արժանապատվությունը և բարօրությունը։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը հավատարիմ լինել իր միջազգային պարտավորություններին՝ հարգել և պաշտպանել մարդու իրավունքները՝ ներառյալ սննդի, առողջության, կրթության և կյանքի իրավունքները: Մենք նաև շեշտում ենք համագործակցության և երկխոսության կարևորությունը բոլոր այն կողմերի միջև, որոնք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարաժամկետ կարգավորման գործընթացում»,-նշում են փորձագետները: