Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչու է նվազել ընտրողների թիվըԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի ասուլիսը (տեսանյութ)

Այսօրվանից քաղաքական ուժերը կարող են  առաջադրման փաստաթղթերը ներկայացնել ԿԸՀ` մասնակցելու համար  Երևանի ավագանու ընտրություններին։ Այս պահի դրությամբ դեռեւս որեւէ քաղաքական ուժ չի առաջադրվել Երեւանի ավագանու ընտրություններին: 
Ըստ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի՝  սովորաբար քաղաքական ուժերն առաջադրման փաստաթղթերը ներկայացնում են ժամկետի ավարտին մոտ, վերջին ու նախավերջին օրերին:

Առաջադրումների վերջնաժամկետը օգոստոսի 13-ն է, իսկ գրանցումը կիրականացվի մինչև օգոստոսի 18-ը։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի օգոստոսի 23-ից, կավարտվի սեպտեմբերի 15-ին։ Սեպտեմբերի 16-ին, ինչպես Ընտրական օրենսգիրքն է նախատեսում, լռության օրն է, այդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը, քարոզչությունն արգելվում է։

Հուլիսի 14-ի դրությամբ Երևանի ընտրողների թիվը 823 559 է, 2018 թվականի Երևանի ավագանու ընտրություններին այդ թիվը  848 343 էր։

ԿԸՀ նախագահը բացատրել է, թե ինչով է պայմանավորված թվի նվազումը։ 2021 թվականի Ընտրական օրենսգրքի փոփոխություններով,  6 ամիս և ավելի ժամկետանց անձը հաստատող փաստաթղթեր ունեցող քաղաքացիների անուններն ընտրական ցուցակներից հանվել են։

Այս ընտրություններին կուսակցությունները և՛ իրենց ընտրական ցուցակները, և՛ գույքի ու եկամուտների հայտարարագրերը կարող են ներկայացնել առցանց՝ ԿԸՀ տրամադրած օգտահաշիվների միջոցով։ Արտաքին գովազդային վահանակների հայտերի ևս ներկայացվելու են առցանց։

Անդրադառնալով հարցին, թե նախընտրական քարոզչությունը դեռ չի մեկնարկել, սակայն որոշ քաղաքական ուժեր արդեն ակտիվ քարոզչություն են իրականացնում Հովակիմյանն ասել է՝ կուսակցությունները միշտ կարող են քարոզչություն իրականացնել, պարզապես պետք է տարբերել քարոզչություն և նախընտրական քարոզչությունը։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ընտրության հաջորդ օրն իսկ կարող է քարոզչություն իրականացնել, այլ հարց է, որ նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սահմանափակումներով լեցուն է։ Հովակիմյանի համոզմամբ՝ հայաստանյան քաղաքական դաշտի զարգացմանը բացառապես կնպաստի այն, որ քաղաքական ուժերը մշտապես իրենց քարոզչությունն իրականացնեն, տարածեն իրեն գաղափարները, և ոչ թե ընտրությունից ընտրություն քարոզչություն իրականացնեն։

Մանրամասները՝  տեսանյութում