Արցախի նախագահը փորձագիտական կարծիք է խնդրել Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազից, թե արդյոք շրջափակումը ցեղասպանություն է
Աջակցիր «Ա1+»-ին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին նամակ է հղել միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ և Հարվարդի ու Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոյին՝ փորձագիտական կարծիք խնդրելով, թե արդյոք Արցախի խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը: Նամակի մեջ, մասնավորապես, նշված է.
«Որպես Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության նախագահ՝ խնդրում եմ Ձեր փորձագիտական կարծիքը Լեռնային Ղարաբաղի 120,000 հայերի ներկա իրավիճակի վերաբերյալ։ Հաշվի առնելով Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազի դիրքում Ձեր փորձը (2003-2012թթ.), մասնավորապես՝ ցեղասպանության համար Սուդանի նախագահի ձերբակալության օրդեր տրամադրելու դեպքը՝ արժեքավոր կլիներ, եթե մեզ տրամադրեք անհրաժեշտ տեղեկություններ ու կարծիք: Կխնդրեինք Ձեր կարծիքը հետևյալ երեք հարցի վերաբերյալ.
ա) Կարելի՞ է համարել, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից մեր ժողովրդի շրջափակումը և հատկապես 2023 թվականի հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղին ամեն տեսակի մարդասիրական օգնության մատակարարման արգելափակումը հանդիսանում է ցեղասպանության հանցագործություն։
բ) Արդյո՞ք Միջազգային քրեական դատարանը իրավասու է այդ հարցով զբաղվելու:
գ) Ո՞վ կարող է անձամբ պատասխանատու լինել այդ հանցագործության համար: Խնդրում եմ սա համարել որպես հրատապ խնդրանք՝ հաշվի առնելով իմ երկրում մարդասիրական և անվտանգային վատթարացող իրավիճակը՝ կապված իմ ժողովրդի օրեցօր աճող տառապանքների հետ։ Կից ներկայացնում եմ համապատասխան տվյալներ պարունակող փաստաթուղթ»: