ՀՀ-ում հավատարմագրված դիվանագները վաղը կմեկնեն Կոռնիձոր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչները հուլիսի 28-ին կայցելեն Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկված ու Կոռնիձորում կանգնած հումանիտար բեռնատարների հատված:
«Արմենպրես»-ի թղթակից հաղորդմամբ՝ Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
«Արդեն 1 օրից ավելի հումանիտար բեռները գտնվում են Կոռնիձորի հատվածում: Եվ որևէ տեղաշարժ չկա»,-ասաց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ այս առումով արդեն իսկ կա միջազգային արձագանք տարբեր կողմերից, մասնավորապես, Լիտվայից, ԵՄ-ից, Ֆրանսիայից, Դանիայից:
«Չնայած պնդումներին, որ Լաչինի միջանցքը բաց է, և բեռների ու բժշկական օգնության կարիք ունեցող անձանց տեղաշարժի համար որևէ խոչընդոտ չկա՝ ի ցույց աշխարհի փաստը մնում է այն, որ բեռնատարները կանգնած են, և հումանիտար ճգնաժամի մեջ հայտնված ԼՂ բնակչությանը որևէ կերպ չի կարողանում հասնել շարասյան մեջ գտնվող հումանիտար բեռը»,- ասաց Սարգսյանը:
Այս առումով իրավիճակը չի փոխվել, նոր զարգացում չկա, դեռևս սպասում են պատասխանի՝ բեռների տեղափոխման գործընթացը կազմակերպելու նպատակով:
«Վաղը նախատեսվում է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների և միջազգային կառույցների ներկայացուցիչների այցելություն հումանիտար շարասյան՝ Կոռնիձորի հատված»,- հայտնեց Սարգսյանը:
Նա ընդգծեց կրկին՝ առաջնային նպատակն ի սկզբանե եղել ու մնում է ԼՂ ժողովրդին հումանիտար օգնությունը հասցնելը: Եվ այս նպատակին են ուղղված հայկական կողմի բոլոր ջանքերը:
«Կապն ըստ սահմանված կարգի հաստատվել է ռուս խաղաղապահների հետ, համապատասխան խողովակներով նաև Ադրբեջանի հետ, ուղեբեռի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը փոխանցվել է, որ հնարավոր մանիպուլյացիաների չենթարկվի»,- ասաց Սարգսյանը: