Կոնֆերենցիաների լիգա. «Արարատ-Արմենիայի» մրցակիցն արդեն գտնվում է Երևանում
Աջակցիր «Ա1+»-ին
Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի անցած առաջնության բրոնզե մեդալակիր «Արարատ-Արմենիան» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ փուլում հանդիպելու է հունական «Արիսի» հետ:
Հունական ակումբն երկուշաբթի երեկոյան արդեն ժամանել է Երևան: «Արիսի» նորեկ, արգենտինացի պաշտպան Ֆրան Ֆերարին իր անդրանիկ հարցազրույցում ասել է, որ թիմը լիովին պատրաստ է խաղին և Երևան է մեկնում միմիայն հաղթանակի համար:
«Մենք վստահ ենք գնում Հայաստան: Ես հավատում եմ, որ կարող ենք լավ արդյունքով վերադառնալ Սալոնիկ։ Մենք լավ ենք պատրաստվել։ Մենք դիտել ենք մրցակցի մի քանի խաղերի տեսանյութերը։ Նրանք ունեն արագ ֆուտբոլիստներ, բայց մենք ունենք սեփական ոտքերը, որոնց օգնությամբ պետք է հակազդենք մրցակցին: Բոլոր նորեկներն արդեն հարմարվել են և պատրաստվում են հաղթանակ բերել Սալոնիկ», - ասել է 31-ամյա ֆուտբոլիստը:
«Արիսն» իր վերջին ստուգողական խաղում 3:1 հաշվով հաղթել է «Էթնիկոս Ախնասին»: Այդ խաղում վնասվածք է ստացել թիմի առաջատար պաշտպաններից մեկը՝ չեխ Յակուբ Բրաբեցը: «Արիսը» հանդես է եկել այսպիսի կազմով. Չուտեսիոտիս, Օդուբաջո (46, Էմբակատա), Ֆաբիանո, Բրաբեց (18, Աիդոնիս), Մատարիտա (46, Ֆերարի), Ժյուլ (58, Պավիչիչ), Դարիդա (56, Դուկուր), Ռուպ (46, Ջուրասեկ), Պալմա (46, Սավերիո), Գրավերո:
Հարկ է նշել, որ «Արիսում» այժմ հանդես են գալիս 15 երկրների ֆուտբոլիստներ: Ազգությամբ հույն խաղացողներն ընդամենը չորսն են: Թիմի գլխավոր մարզիչը հույն մասնագետ Ապոստոլոս Տերզիսն է, որը երկար տարիներ աշխատել է որպես օգնական, և միայն այս տարվա փետրվարից է գլխավորել թիմը: Նրա օրոք «Արիսն» անցկացրել է 10 հանդիպում, որոնցում վաստակել է ընդամենը 11 միավոր: Չնայած բացասական արդյունքին, «Արիսը» զբաղեցրել է 5-րդ տեղը և ստացել եվրոգավաթային վերջին ուղեգիրը:
«Դեղինները» երրորդ անգամ են մասնակցում Կոնֆերենցիաների լիգային: Նախորդ երկու մրցաշարերում թիմը հաղթել է միայն բելառուսական «Գոմելին», իսկ ահա ղազախական «Աստանային» և Թել Ավիվի «Մաքաբիին» պարտվել է:
«Արարատ-Արմենիա» - «Արիս» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 27-ին, Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: