Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վորոբյով
A A
Քաղաքականություն

ՌԴ-ից կոչ են արել Հայաստանին հաշվի առնել Հռոմի ստատուտին միանալու ռիսկերը

 

Հայաստանի խորհրդարանը պետք է ուսումնասիրի երկրի՝ Հռոմի ստատուտին միանալու հետևանքները և գնահատի Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունների համար ռիսկերը։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ՌԴ Դաշնային ժողովի և Հայաստանի Ազգային ժողովի միջև համագործակցության հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարել է Դաշնության խորհրդի փոխնախագահ, համագործակցության հարցերով միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը։

«Ինչպես հասկանում ենք, դա նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Հաագայի տրիբունալի իրավասությունը բոլոր գործերի վերաբերյալ, որ այն վարում է: Մենք ելնում ենք նրանից, որ մեր հայ գործընկերների այդ քայլը չունի հակառուսական ենթատեքստ, բայց, այնուամենայնիվ, գործնականում շոշափելի վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին: Կոչ ենք անում մեր դաշնակիցներին ևս մեկ անգամ ուշադիր ուսումնասիրել Հռոմի ստատուտին միանալու հետևանքները և գնահատել հնարավոր ռիսկերը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների համար։ Այս դեպքում ես դիմում եմ խորհրդարանականներին»,- ասել է Վորոբյովը։

Նրա խոսքով՝ ներկայումս երկխոսություն է ընթանում Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև։