
Ադրբեջանը պայման է դրել ԿԽՄԿ-ին, որ ՀՀ մեկնող հիվանդները լրացուցիչ բուժզննություն անցնեն անցակետում
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը Հայաստանի Հանրային hեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, խոսել է, թե ինչ քայլերի է դիմում ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում տեղադրված անցակետում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից բուժառուների տեղափոխման ժամանակ։
«Ադրբեջանի հնարամտությունը սահմաններ չունի։ Ի վերջո, մենք հասանք մի կետի, երբ Ադրբեջանն ադրբեջանցի բժիշկներ ներգրավեց և պայմաններ դրեց Կարմիր խաչի առջև, որ Հայաստան մեկնող հիվանդները պետք է լրացուցիչ բուժզննության ենթարկվեն անցակետում»,- ասել է պետնախարարը։
«Սրանք պայմաններ են, որոնք ուղղված են մեր քաղաքացիների արժանապատվության դեմ, նրանց անհարմար դրության մեջ դնելուն։ Եվ ինչպե՞ս եք պատկերացնում այս պայմաններում մեր քաղաքացիներն ադրբեջանցիների կողմից բուժզննության ենթարկվեն։ Ես չեմ բացառում, ավելին, համոզված եմ, որ այդ գործընթացը նույնիսկ տեսախցիկների տեսադաշտում է լինելու»,- ընդգծել է Գուրգեն Ներսիսյանը։