Նախագահը մասնակցել է ՀՊՏՀ շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր միջոցառմանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր միջոցառմանը: Նախագահը շնորհավորել է ԲՈՒՀ-ի շրջանավարտներին և հաջողություններ մաղթել հետագա ուսման և աշխատանքային գործունեության մեջ: Իր խոսքում Վահագն Խաչատուրյանը մասնավորապես ասել է. «Կյանքում ամենակարևորը, որ գնահատվում է մարդկանց մեջ գիտելիքն ու պրոֆեսիոնալիզմն է: Ամեն օր, ամեն վայրկյան մենք, անկախ տարիքից, մեր ունեցած գիտելիքը պետք է հարստացնենք, նույնիսկ փոքր քանակությամբ: Հատկապես այս ժամանակաշրջանում, երբ զարգացումը շատ արագ է տեղի ունենում, երբ առօրյա կյանքում կամ ընդհանրապես փոփոխությունները լինում են ամեն վայրկյան, մենք պետք է անընդհատ գիտելիք ձեռք բերենք և այն կարողանանք «մարսել», որպեսզի կարողանանք այս արագ զարգացող միջավայրում մեր տեղն ունենանք, գնահատենք ինքներս մեզ և մեր ժամանակը: Հիմա ավելի մեծ խնդիր է նաև՝ կարողանալ «մարսել» այն գիտելիքները, որոնք ստանում ենք: Այս ինֆորմացիոն դարաշրջանում՝ շատ դժվար է առաջնային, երկրորդային տեղեկությունները տարանջատել, սակայն սա նույնպես պետք է կարողանաք անել: Հույս ունեմ, որ ձեր դասախոսներն այս հարցում ևս կարողացել են ձեզ օգնել և առաջնորդել: Երբևիցե չհուսահատվեք: Միշտ հիշեք, որ ցանկացած ծանր վիճակից դուրս գալու լուծում կա: Սրանք խոսքեր չեն, որ ձեզ հուսադրեն, դա է իրականությունը, որը հնչեցնում է մեկը, ով ունի մարդկային սովորական կյանքի փորձ, որը փորձում եմ փոխանցել ձեզ: Նույնիսկ ամենածայրահեղ ծանր վիճակում միշտ լուծումներ գտնվում են: Դուք պատրաստ եղեք, որ այդ լուծումները ինքներդ եք գտնելու, հույսը դրեք ձեր վրա: Իհարկե, ձեզ օգնողներ միշտ կլինեն, ձեր ծնողները, դասախոսները, հարազատները, ընկերները, մտերիմները ձեր կողքին են լինելու, բայց հիշեք, որ հաջողության գրավականը նրանում է, որ դուք վստահեք ինքներդ ձեզ, պատրաստ լինեք դժվարություններ հաղթահարել: Սա շատ կարևոր է, որովհետև երիտասարդ տարիքում ցանկացած փոքր դժվարություն թվում է անհաղթահարելի և հուսահատություն է առաջացնում, բայց հավատացեք, որ դրանք վայրկյաններ են, որոնք պետք է մոռանալ: Իմացեք նաև, որ երջանիկ են այն ժողովուրդները, որոնք ունեն ինքնիշխան պետություն: Փառք Աստծո, Հայաստանի Հանրապետությունը 1991 թվականից կա և շարունակելու է գոյություն ունենալ և Հայաստանի ապագան արդեն գտնվում է ձեր ձեռքերում, և դուք եք լինելու Հայաստանի ապագան կերտողները: Սա ևս շատ պատասխանատու խնդիր է, որ դուք պետք է կարողանաք լուծել, և այն գիտելիքը, որ ստացել եք նաև այդ նպատակին ծառայեցնեք: Հավատացնում եմ ձեզ, որ այն, ինչ մենք 1991 թվականին երազում էինք անկախ պետություն ունենալու առումով, չէինք պատկերացնում, որ այսպիսին կլինի՝ իր դժվարություններով, խնդիրներով, հաջողություններով, անհաջողություններով, ամեն ինչով: Սակայն փաստորեն մենք արդեն 32 տարի շարունակում ենք մեր ճանապարհը: Այսօր, այս պահին մենք դժվարությունների մեջ ենք: Սակայն դա չի նշանակում, որ այդ դժվարություններն անհաղթահարելի են: Ե՛վ որպես պետություն, և՛ որպես պետության համար պատասխանատուներ, մենք, իրականում, ամեն ինչ անելու ենք, որ ի վերջո բոլորս ապրենք բարեկեցիկ երկրում, որտեղ ամենակարևոր արժեքներն են՝ ազատությունը և դրա հետ միասին նաև պատասխանատվությունը, ժողովրդավարությունը: Սրանք պարզապես խոսքեր չեն, այլ այն հիմնական գաղափարախոսական հենքերն են, որի հիման վրա մեր պետությունն այսօր կարող է առաջ գնալ: Մենք չունենք բնական ռեսուրսներ, կամ ունենք շատ քիչ քանակությամբ, բայց ունենք մարդիկ, որոնք ունեն միտք, գիտելիք, հնարավորություն, կարողություն, որպեսզի մեր երկիրն իսկապես դարձնեն այնպիսի երկիր, որտեղ ապրողները լինեն երջանիկ: Այսինքն՝ բարեկեցիկ երկիր ունենալու խնդիրը մենք պետք է կարողանանք լուծել, և այդ գործում ձեր դերը շատ ավելի է մեծանալու: Վստահ եմ, որ դուք կայանալու եք որպես լավ մասնագետներ, ունենալու եք հաջողություններ: Վստահ եմ նաև՝ դուք ավելի լավ եք կառավարելու մեր երկիրը և այն երազանքները, որոնք մեր սերունդը, իմ սերունդը չկարողացավ իրականություն դարձնել, դուք իրականություն եք դարձնելու: Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում հաջողություններ»: