Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԳՆ
A A
Քաղաքականություն

Ալիևը խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը․ ՀՀ ԱԳՆ արձագանքը

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բաքվում անցկացվող «Չմիացած երկրների շարժման» համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման ժամանակ արված հայտարարություններին։ 
 
«Սա փորձ է՝ շեղել «Չմիացած երկրների շարժման»  անդամների ուշադրությունն Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներից, այդ թվում՝ Լաչինի միջանցքի գրեթե 7 ամիս շրջափակումը, Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարումը։ Մենք կոչ ենք անում անդամ երկրներին մերժել նման փորձերը և աջակցել Հարավային Կովկասում կայունություն կառուցելու իրական ջանքերին»,- թվիթերի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակը, ապա քիչ անց հավելել․
 
«Հերթական անգամ տեսնում ենք, որ Ադրբեջանն օգտագործում է «Չմիացած երկրների շարժումն» ու իր նախագահության հարթակը ագրեսիվ և հակահայկական նարատիվների համար, ընդ որում խեղաթյուրելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը։ Սա խախտում է ինչպես կազմակերպության սկզբունքները, այնպես էլ միջազգային իրավունքի սկզբունքներն ու միջազգային ատյանների որոշումները»
 
Նշենք, որ Ալիևը հայտարարել էր՝ եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում, ապա ՀՀ ԶՈՒ-ն ամբողջությամբ պետք է լքի Ղարաբաղը և տեղում գտնվող հայկական ռազմական ստորաբաժանումները պետք է զինաթափվեն։ Ալիևը այս հարթակը նույնպես օգտագործել էր «Զանգեզուրի միջանցքի» թեման ևս մեկ անգամ հրապարակ բերելու համար՝ նշելով, որ Հայաստանը խոչընդոտում է «Զանգեզուրի միջանցքի»  բացմանը, որը, ըստ նրա,  2020 թ-ի նոյեմբերի 10-ի փաստաթղթից «բխող պարտավորություն է» և պետք է իրագործվի։