Բացել լրահոսը Փակել լրահոսը
փոթի
A A
Հասարակություն

Փոթիի նավահանգստում հայտնաբերվել է հերոինի մեծ խմբաքանակ, որը Հայաստանով պետք է տեղափոխվեր Եվրոպա

 

Իրանի մի քաղաքացի Վրաստան է ներմուծել մինչև 80 կգ հերոին. թմրանյութը հայտնաբերվել է Փոթի (Սամեգրելո-Զեմո Սվանեթի տարածաշրջան) քաղաքի նավահանգստում, բեռնատար ավտոմեքենայի  պահոցում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից, այս մասին հայտնել է  Վրաստանի ՆԳ նախարարության քրեական ոստիկանության վարչության ղեկավար Թեյմուրազ Կուպատաձեն:

Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը՝ Իրանի 62-ամյա քաղաքացին, մտադրվել է առանձնապես խոշոր չափերով հերոինը Իրանից Եվրոպա տեղափոխել Հայաստանի և Վրաստանի տարածքով:

Մեքենայի խուզարկության ժամանակ կցորդիչի հետևի երկու դռներում տեղադրված հատուկ սարքում որպես իրեղեն ապացույց առգրավվել է հերոին թմրամիջոցի 315 փաթեթ՝ մինչև 80 կիլոգրամ քաշով։

Հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` «Թմրամիջոցների, դրանց համարժեք նյութերի անօրինական պատրաստում, արտադրություն, ձեռքբերում, պահում, տեղափոխում կամ իրացում», ինչպես նաև «Թմրամիջոցների, դրանց համարժեք նյութերի Վրաստան անօրինական ներմուծում, Վրաստանից արտահանում կամ տարանցմամբ միջազգային փոխադրում»:

Ձերբակալվածին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում կամ անժամկետ բանտարկություն։

Բեռնատարը, որը վարել է Իրանի քաղաքացին, նույնականացվել է ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի վարչության և Համաշխարհային մաքսային կազմակերպության «Բեռնարկղերի վերահսկման ծրագրի» համատեղ նախագծի շրջանակներում։

Վրաստանի ՆԳՆ-ի, Գլխավոր դատախազության և Ֆինանսների նախարարության աշխատակիցների կողմից անցկացվել են օպերատիվ-քննչական համալիր միջոցառումներ։