Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սամվել Բաբայան
A A
Քաղաքականություն

Արցախն այլևս փրկագին է․ Սամվել Բաբայան

«Միասնական հայրենիք» կուսակցության հայտարարությունը

Արցախի ժողովրդի իրացված ինքնորոշման իրավունքի փաստի վերաբերյալ

 

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի «ձեռքբերումները», որոնք պիտի ամրագրվեն ստորագրվելիք խաղաղության պայմանագրում, մոտեցել են մի հանգրվանի, երբ Արցախն այլևս փրկագին է։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ս․թ․ մայիսի 22-ի մամուլի ասուլիսում։ Պատեհ չհամարելով միջամտել Արցախի ներքին գործերին, ՀՀ վարչապետն, այնուամենայնիվ, իրեն իրավունք է վերապահել հայտարարելու, թե Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86 600 քառ․ կմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։

Խստորեն դատապարտելով Արցախի ժողովրդի իրավաքաղաքական հավաքական կամքի բեկանման կամ քմահաճ սակարկման որևէ դրսևորում՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարում է․

- Արցախի Հանրապետությունը կայացած իրողություն է, որի հիմքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացված փաստն է։ Արցախի ժողովուրդը ազատ և անկախ ապրելու իր կամքն ամրագրել է 1991թ․ ԼՂՀ-ի Հռչակագրով, 1991թ․ հանրաքվեի արդյունքներով, 1992թ․ ԼՂՀ-ի պետական անկախության մասին Հռչակագրով։ Ուստի, այդ թվում՝ հայկական կողմից բանակցող Նիկոլ Փաշինյանը չունի Արցախի ճակատագիրը տնօրինելու իրավասություն և լիազորություն։

 

- 1988թ․ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և հանուն դրա 1992թ․ պարտադրված պատերազմում որակապես և քանակապես անհավասար պայմաններում Արցախը հմուտ մարտավարությամբ հաջողել է կանոնավոր բանակ ձևավորել, ճեղքել ադրբեջանական շրջափակումը, ստիպել Ադրբեջանին և միջազգային հանրությանը հաշվի նստել իր կամքի հետ։ Հետևապես՝ Արցախի նկատմամբ վարվող քաղաքականության համատեքստում նույն տրամաբանությամբ ինքնակազմակերպվելն ու զուգահեռաբար Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններ նախաձեռնելը օրախնդիր անհրաժեշտություն է։

«Միասնական հայրենիք» կուսակցությունը, ի դեմս հաղթանակած առաջնորդ Սամվել Բաբայանի, վերահաստատում է, որ տեսնում է ինքնորոշման իրավունքի փաստով Արցախն օբյեկտից սուբյեկտի վերափոխելու, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնապաշտպանության իրավունքն իրացնելու, արցախյան հիմնախնդրի իրավաքաղաքական հիմքերը միջազգայնացնելու հնարավոր նախադրյալներ։ Ըստ այդմ՝ պատրաստակամ է Արցախի համար այս ծայրահեղ ծանր ու ճակատագրական օրերին ստանձնելու պատասխանատվության իր բաժին բեռը։

Արցախը մեր անունն ու պատիվն է, սակայն յուրաքանչյուրիս լուռ համաձայնությամբ այն կարող է դառնալ պատվազուրկ դրոշմ բոլորիս համար։ Սթափվի´ր, հա´յ ժողովուրդ, քանի դեռ չի կորսվել փրկության վերջին հնարավորությունը։

 

«Միասնական հայրենիք» կուսակցություն

23 մայիսի, 2023թ․