Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արցախի ԱԺ-ն հայտարարությամբ դիմում է Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահներին (տեսանյութ)

ԱՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել

Մայիսի 22-ին գումարվել է ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հրատապ հարցերի օրակարգով:

Օրակարգում Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն էր:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը, ելույթով հանդես է եկել խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը: Խոսելով ՀՀ վարչապետի մայիսի 22-ին կատարած հայտարարությունների մասին՝ ընդգծել է.«Ի̉նչ իրավունքների անվտանգության և երկխոսության մասին կարող է խոսք լինել, երբ Ադրբեջանն ապօրինաբար 162 օր Արցախը պահում է լիակատար շրջափակման մեջ՝ շարունակելով դեռևս 80-ականներից սկսած Արցախի էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության իրագործումը:

Կոչ ենք անում աշխարհասփյուռ հայությանը, Հայաստանի՝ Արցախի ճակատագրով մտահոգ հասարակությանը, սատար կանգնել արցախահայության՝ իր հայրենիքում խաղաղ և անկախ ապրելու և արարելու անշեղ և վճռական կամքին»:

Ապա դիմելով ԱԺ պատգամավորներին՝ Արթուր Թովմասյանն ասել է.

«Հարգելի´ պատգամավորներ

Մենք այլևս հապաղելու ժամանակ չունենք: Յուրաքանչյուր վայրկյանը թանկ է մեր ապագան փրկելու համար: Յուրաքանչյուր պատգամավոր ասելիք ու անելիք ունի այս ծանր ժամանակահատվածում: Հայրենիքին ծառայելը պարտք է, հայրենիքը պաշտպանելը՝ մասնագիտություն»:

Հայտարարության տեքստը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանը:

Օրակարգային հարցը քննարկվել էր գլխադասային հանձնաժողովի նիստում և դրական եզրակացությամբ ներկայացվել արտահերթ նիստի քննարկմանը:

Մտքերի փոխանակությամբ հանդես են եկել պատգամավորներ Աշոտ Դանիելյանը, Մետաքսե Հակոբյանը, Գեղամ Ստեփանյանը, Արթուր Հարությունյանը, Արթուր Մոսիյանը, Դավիթ Գալստյանը և Մարսել Պետրոսյանը:

Հայտարարությունն ընդունվել է միաձայն: