
Թուրքիայում քվեարկությունն ավարտվել է, մեկնարկել է ձայների հաշվման գործընթացը
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայում ժամը 17։00-ին ավարտվել է երկրի 13-րդ նախագահի և 28-րդ գումարման խորհրդարանի ընտրությունները։ Ընտրատեղամասերը փակվել են, ընթանում է քվեների հաշվման գործընթացը, գրում է Ermenihaber.am-ը։
«Ժողովուրդ» դաշինքի նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը քվեարկել էր Ստամբուլում, ժամանել է Անկարա։ Նա արդյունքներին հետևելու է Անկարայից։
Անկարայում գտնվող «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ժամանել է «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) կենտրոնական գրասենյակ։ Նա ճանապարհին լուսանկարվել է անցորդների հետ՝ ասելով․ «Ամեն ինչ շատ լավ է լինելու»։
Քըլըչդարօղլուն Twitter-ում գրել է․ «Մինչև չհանձնվի վերջին քվեատուփի ստորագրված արձանագրությունը, ինչ էլ լինի, մի՛ հեռացեք քվեատուփի մոտից։ Ձեր վճռականությունից է կախված ժողովրդի կամքի լիարժեք ու ճիշտ դրսևորումը»։
«Ազգ» դաշինքի անդամ «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուն, իր հերթին, շնորհակալություն հայտնելով ընտրողներին, կոչ է արել տեր կանգնել իրենց քվեներին և հետևել քվեների հաշվման գործընթացին։