Խոշտանգելու գործով մեղադրյալ օպերլիազորն ազատ է արձակվել
Աջակցիր «Ա1+»-ինՄարզիկ Արմեն Ղազարանին խոշտանգելու գործով կալանավորված մեղադրյալներից Գրիգոր Մխիթարյանն գրավի դիմաց ազատ է արձակվել։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը որոշել է երեք միլիոն գրավի դիմաց ազատ արձակել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորին։
Ըստ Վերաքննիչ դատարանի՝ գործի քննության ընթացքում չեն ստացվել այնպիսի փաստական տվյալներ, որոնք կվկայեն մեղադրյալ Գրիգոր Մխիթարյանի կամ նրա հարազատների, բարեկամների կամ ընկերների կողմից տուժողների կամ վկաների վրա ազդեցություն գործադրելու նույնիսկ փորձ կատարած լինելու մասին։
«Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ թեև նախկինում իրավապահ համակարգում աշխատած լինելն առհասարակ կարող է նման մտահոգությունների հիմք հանդիսանալ, սակայն տվյալ դեպքում, երբ գործն արդեն գտնվում է դատարանում, նշված մտահոգության հավանականությունն էականորեն նվազ է:
Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրյալ Գրիգոր Մխիթարյանը 2020 թվականի սեպտեմբեր ամսից առ այսօր՝ շուրջ 2 տարի 7 ամիս, գտնվում է կալանքի տակ, գործը գտնվում է դատարանում և դեռևս պարզ չէ, թե նրա մասով երբ կկայացվի վերջնական դատական ակտ»,- իր որոշման մեջ գրել է Մխիթար Պապոյանը։
Ի դեպ, ներկայացված բողոքին դատախազ Գուրգեն Սաֆարյանը առարկություն չի ներկայացրել։
Նմանատիպ բողոքներ ներկայացրել են նաեւ գործով ամբաստանյալներ Տիգրան Ավանեսյանի եւ Նարեկ Բարսեղյանի պաշտպանները, սակայն Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Արսեն Նիկողոսյանը եւ Ժորա Վարդանյանը մերժել են բողոքները։
Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանը պատրաստվում է վճռաբեկ բողոք ներկայացնել․ « Գործը նոր դատավորի է մակագրվել, կրկին դատական նիստեր են անցկացվելու, վկաներ, տուժողներ են հարցաքննվելու եւ շատ հնարավոր է ճնշումներ կիրառվեն նրանց նկատմամբ»,- ասում է Արա Ղարագյոզյանը։
Հիշեցնենք, որ գործը քննած դատավոր Աննա Մաթեւոսյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։
Ըստ մեղադրանքի՝ 2020 թ սեպտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Գրիգոր Մխիթարյանը, օպերլիզորներ Նարեկ Բարսեղյանը եւ Տիգրան Ավանեսյանը Վլադիմիր Օհանյանին եւ նրա ծանոթ, աշխարհի չեմպիոն Արմեն Ղազարյանին բերման են ենթարկել ոստիկանության բաժին եւ խոշտանգման ենթարկել։