
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հանդիպումներ է ունեցել Ուրուգվայի խորհրդարանում
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այցելել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության խորհրդարան և հանդիպել Սենատի անդամ Լիլիամ Քեշիշյանի, «Ուրուգվայ-Հայաստան» բարեկամական խմբի և Ուրուգվայում «Լեռնային Ղարաբաղի ֆորումի» անդամների հետ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից։
Գեղամ Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել բարեկամական խմբի և ֆորումի անդամներին Հայաստանի և Արցախի շահերը պաշտպանելու, ինչպես նաև Արցախում առկա իրավիճակի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ ներդրված ջանքերի համար։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող էթնիկ ատելության քաղաքականությանը և դրան հակազդելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև շարունակվող շրջափակման վերացման ուղղությամբ միջազգային հանրության ներգրավվածությանն ու ակնկալվող աջակցությանը վերաբերող հարցերի։ Քննարկվել են նախանշված ուղղություններով համագործակցության հետագա քայլերը։