Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Քրեակատարողական հիմնարկներում անցկացվել են համաժամանակյա շախմատային խաղեր

Մարտի 27-ին և 28-ին Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանն այցելել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներ՝ անցկացնելու շախմատի համաժամանակյա խաղեր երկու հիմնարկների ներհիմնարկային մրցաշարերի արդյունքում լավագույնս հանդես եկած դատապարտյալների հետ:

Խաղերին հետևել է նաև Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը։ Նա հաջողություն է մաղթել մասնակիցներին և կարևորել է անազատության պայմաններում նրանց կողմից ժամանակն իմաստալից անցկացնելու ընտրությունը:

Սմբատ Լպուտյանը շնորհակալոություն է հայտնել Ծառայության և հիմնարկների ղեկավարությանը՝ մշտական համագործակցության համար, ոգեշնչել է դատապարտյալներին՝ շախմատը որպես հիմնական զբաղմունք ընտրելու համար, իսկ խաղերի ավարտից հետո վերլուծել է դատապարտյալների խաղը և մասնագիտական խորհուրդներ տվել նրանց:

Գրոսմայստեր Լպուտյանի հետ խաղի արդյունքներով «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներից ընտրված մասնակիցները հետագայում հանդես կգան միջհիմնարկային մրցաշարում՝ դատապարտյալների միջև անցկացվող շախմատի աշխարհի առաջնությանն ընդառաջ Հայաստանի դատապարտյալների հավաքականը ձևավորելու նպատակով:

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ