Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց. 24-ը Մարտի: Ռոբերտ Քոչարյանը հրապարակայնորեն դժգոհություն հայտնեց կառավարությունից (տեսանյութ)

998-ին առաջին անգամ մեր երկրում նախագահի աթոռի համար ընտրապայքարը տեղափոխվեց 2-րդ փուլ։ Հստակ դիրքորոշում հայտնեց առաջին փուլի քվեարկությամբ 5-րդը ճանաչված Պարույր Հայրիկյանը։ Նա կոչ արեց առաջին փուլում իրեն ձայն տված 5 տոկոսին 2-րդ փուլում քվեարկել Ռոբերտ Քոչարյանի օգտին եւ ինքն էլ լծվեց վերջինի ընտրարշավին։ Միասնաբար մոտ 24 տոկոսի քվե ստացած թեկնածուներ Սերգեյ Բադալյանն ու Վազգեն Մանուկյանը որոշեցին չեզոք մնալ՝ իրենց ընտրազանգվածին հորդորելով քվեարկել խղճի մտոք։

2001-ի այս օրը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրապարակայնորեն դժգոհություն արտահայտեց կառավարությունից եւ խորհրդարանական մեծամասնությունից՝ սպառնալով, որ եթե կտրուկ փոփոխություններ չլինեն, ինքը հարկադրված կլինի փոխել կառավարող թիմը։ Նախագահի հետ հանդիպման հրավիրված հանրապետական պատգամավորները քննարկում էին խորհրդարանի լուծարման հավանականության հարցը։

2001-ի մարտի 24-ին Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը սեփական օրինակով էր երեւանցիներին կոչ անում մասնակցելու հայտարարված մեկամսյա շաբաթօրյակին։

2010-ի այս օրը Նախախորհրդարանի ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ինքնատիպ կերպով մեկնաբանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ հայկական կողմը կարող է որոշակի ազատագրված տարածքներ զիջել բանակցությունների ժամանակ, եթե հստակորեն իմանա, թե փոխարենն ինչ է ստանում։

2011-ի այս օրը բողոքի ակցիա էին անում 24 ընտանիքների ներկայացուցիչներ, որոնց բնակարանները «Նորաշեն 2007» շինկազմակերպությունը կրկնակի վաճառել էր ESKO կոնցեռնին։ Ցուցարարներին զայրացրեց ESKO-ի ներկայացուցչի պարզաբանումը։