Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել աջակցելու ՆԳ գործերի նախարարությանը (տեսանյութ)

Մարտի 24-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Ալեքսիս Հավթվանին։

Ողջունելով դեսպանին՝ Վահե Ղազարյանը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և ԱՄՆ միջև ձևավորված 30-ամյա ամուր և արդյունավետ համագործակցությունը, որը հիմնվում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա։

Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել մինչ այժմ իրականացված աշխատանքի և Ներքին գործերի նախարարությանն ու ենթակա ծառայություններին ցուցաբերած աջակցության համար։ Նա հատկապես ընդգծել է ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի աջակցությունը՝ ուղղված ոստիկանությանը, ինչպես նաև ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության կողմից փրկարար ծառայությանը ցուցաբերած աջակցությունը։

Քրիստինա Քվինը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես կարևորել է համագործակցության շնորհիվ կյանքի կոչված ծրագրերն ու պատրաստակամություն հայտնել շարունակելու աջակցել Ներքին գործերի նախարարության կողմից նախաձեռնած բարեփոխումներին։

Արտակարգ և լիազոր դեսպանը կատարված աշխատանքներից առանձնացրել է պարեկային ծառայության ստեղծումը, որն արդեն դրական արդյունքներ է արձանագրում։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում անդրադարձ է կատարվել ՆԳՆ կրթահամալիրի, ջրային պարեկային ծառայության ձևավորման աշխատանքներին ու ծառայություններում կանանց ներգրավվածությանը։