Մարիամ Մկրտչյանը՝ առաջատարների խմբում. շախմատի ԵԱ
Աջակցիր «Ա1+»-ինՉեռնոգորիայի Պետրովաց քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց 23-րդ առաջնությունը:
Արդեն կայացել է երկու տուր: Հայաստանը ներկայացնող 6 շախմատիստուհիներից մրցաշարը հաջող է սկսել աշխարհի Մ18 չեմպիոն Մարիամ Մկրտչյանը, որը երկու անընդմեջ հաղթանակ է տարել և այժմ 2 միավորով գտնվում է առաջատարների խմբում:
Մարիամ Մկրտչյանից կես միավորով ետ են մնում Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Առաջինն ընթացիկ տուրում հաղթել է ավստրուհի Անիկա Ֆրովսին, իսկ վերջինն ոչ-ոքի է խաղացել բուլղարուհի Վիկտորյա Ռադևայի հետ: Աննա Սարգսյանը մեկ միավոր է վաստակել վրացուհի Նիա Դոնգվանիի հետ խաղում և հավասարվել է մեր նորեկ Պոլինա Կոբակի հետ, որը երկրորդ պարտիայում զիջել է իսպանուհի Մարթա Գարսիային: Սուսաննա Գաբոյանն ունի կես միավոր:
Այսօր կկայանան 3-րդ տուրի պարտիաները: Մարիամ Մկրտչյանը սպիտակներով կհանդիպի լեհ Ալեքսանդրա Մալցևսկայայի, Էլինա Դանիելյանը՝ բուլղարուհի Բելոսլավա Կրաստևի, Լիլիթ Մկրտչյանը՝ ռումինուհի Միհայելա Սանդուի, Պոլինա Կոբակը՝ ադրբեջանուհի Տուրկան Մամեդյարովայի հետ: Աննա Սարգսյանը սևերով կխաղա վրացուհի Լիլե Կորիձեի, իսկ Սուսաննա Գաբոյանը՝ հյուսիսմակեդոնուհի Կատերինա Պետրովսկայի հետ: