Մենք անձերի հարցեր չենք քննելու, այլ իրավահարաբերությունների․ Արման Եղոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը կուսումնասիրի պետություն-եկեղեցի հարաբերությունները, հարկային ու ֆինանսական հաշվետվողականության, եկեղեցու թափանցիկության, ինչպես նաև քրիստոնեական հուշարձանների հետ կապված հարցերը։ Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի խոսքով՝ դրա նպատակը կոնկրետ անձանց գործողությունները դատապարտելը չէ, այլ պետության և եկեղեցու հարաբերությունների սահմանները հստակեցնելը։
Ազգային ժողովում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է հանձնաժողովի աշխատանքի հիմնական ուղղությունները՝ շեշտելով, որ քննարկման առարկան լինելու են իրավահարաբերությունները, ոչ թե առանձին անձինք։
«Հանձնաժողովը անձերի վերաբերյալ հարցեր չի քննելու, առաջարկներ չի անելու։ Հանձնաժողովը քննելու է հարաբերությունների վերաբերյալ հարցեր։ Դրանք կլինեն օրենսդրական հարաբերություններ, պետություն-եկեղեցի հարաբերություններ, քրիստոնեական հուշարձանների վերաբերյալ հարցեր, հարկային հարաբերություններ, ֆինանսական բարեվարքության և այլն», - ասել է Եղոյանը։
Եղոյանի խոսքով՝ թյուր կարծիք կա, որ հանձնաժողովը քննելու է անուններ ու ազգանուններ։ Նա դժգոհություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ զավակ ունենալու կամ չունենալու հարցը հանձնաժողովում քննելու մասին հարցադրման կապակցությամբ՝ կրկին ընդգծելով, որ հանձնաժողովը չի քննելու անձանց կամ նրանց գործողություններին վերաբերող հարցերը։
«Սա իրավահարաբերություններ քննելու համար է, որի ընթացքում անձանց մասին կարող են լինել անդրադարձներ, բայց ոչ նրանց դատապարտելու համար, այլ՝ օրինակներ բերելու», - նշել է նա։
Եկեղեցու ֆինանսական հաշվետվողականությունը՝ հանձնաժողովի ուշադրության կենտրոնում
Եղոյանի խոսքով՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին առանձնահատուկ կարգավիճակ ունի, և պետությունը նրան որոշակի իրավունքներ է տվել։ Հանձնաժողովի նախագահը հարց է բարձրացրել, թե արդյոք այդ իրավունքներին զուգահեռ եկեղեցին չունի համապատասխան պարտավորություններ։
Որպես քննարկման հնարավոր ուղղություններ՝ հանձնաժողովի նախագահը նշել է եկեղեցու հարկային հաշվետվողականությունն ու ֆինանսական թափանցիկությունը։
«Ինչ շրջանառություն ունի եկեղեցին, ինչ շահույթ ունի կամ ունի՞, թե՞ ոչ, շահութահարկ վճարելու՞ է, եկեղեցում աշխատավարձ ստանում են, թե՞ ոչ, եթե ոչ՝ ինչպես են ապրում քահանաները, եկեղեցին գույքահարկ պիտի վճարի՞, թե՞ ոչ․ սրանք բոլորը հարցեր են, կքննենք», - ասել է Եղոյանը։
Նա ընդգծել է, որ եկեղեցին միայն բարձրաստիճան հոգևորականներից բաղկացած կառույց չէ, և բարձրացրել է եկեղեցու գործունեության ու ֆինանսական տվյալների հասանելիության հարցը։
«Դա գաղտնի կազմակերպություն կամ հատուկ ծառայություն չի։ Ինչ հարցնում ենք, ասում են՝ գաղտնի է», - մտահոգություն է հայտնել հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ նիստերի մեծ մասը բաց է լինելու, և լրագրողները հնարավորություն կունենան հետևելու քննարկումներին ու լուսաբանելու դրանք։
Եղոյանի խոսքով՝ հանձնաժողովի աշխատանքի առանցքային խնդիրներից մեկը պետության և եկեղեցու հարաբերությունների սահմանների հստակեցումն է՝ պարզելու համար, թե որտեղ է ավարտվում պետության իրավասությունը, և ինչ շրջանակում է գործում եկեղեցու ինքնավարությունը։
Հանձնաժողովի ստեղծումը, սակայն, շարունակում է վիճահարույց մնալ։ Նշենք՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու դրա աշխատանքներին՝ այն համարելով անօրինական և հակասահմանադրական։