Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+ararat-73
A A
Սպորտ

«Արարատ-73». Հաղթական մեկնարկ գավաթի խաղարկությունում

1973 թվականին Երևանի «Արարատն» իր առաջին պաշտոնական խաղն անցկացրեց մարտի16-ին: Այս օրը մեր թիմը ԽՍՀՄ գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի շրջանակում «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց 1-ին լիգայում հանդես եկող Ֆրունզեի «Ալգային»:

Վերջինիս մարզում էր «Արարատի» նախկին գլխավոր մարզիչ Նիկոլայ Գլեբովը, որը շատ լավ էր ճանաչում արարատցիներին և գիտեր նրանց ուժեղ և թույլ կողմերը: Ինչպես տեղեկացնում է «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթը, փորձառու մասնագետն ընտրում է հակագրոհների մարտավարություն: Այն իրեն կարող էր արդարացնել, եթե իր խաղով չփայլեր դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը, որը ետ է մղում հյուրերի բոլոր վտանգավոր հարվածները: Նա ճանաչվում է հանդիպման լավագույն խաղացող:

Ինչ վերաբերում է մնացած արարատցիներին, ապա նրանք չնայած ամբողջ խաղին տիրում են նախաձեռնությանը, ստանում են 14 անկյունային հարվածի իրավունք, սակայն միայն մեկ անգամ են կարողանում գրավել մրցակցի դարպասը: Հանդիպման 63-րդ րոպեին աչքի է ընկնում Էդուարդ Հարությունյանը:

Այդ խաղից հետո «Արարատը» մեկնում է Գագրա և սկսում պատրաստվել ապրիլի 7-ին Ֆրունզեում կայանալիք պատասխան խաղին: