«Արարատ-73». Հաղթական տարվա սկիզբը` մարզասրահում
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարի լրանում է «Արարատ-73» ֆուտբոլային թիմի փառահեղ հաղթանակների 50-ամյակը: 1973 թվականին հայկական ֆուտբոլի դրոշակակիրը նվաճեց ոչ միայն ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը, այլև տիրեց երկրի գավաթին, այսինքն` դուբլ գրանցեց մեկ տարում:
«Ա1+»-ը այդ կապակցությամբ սկսում է հեղինակային նյութերի շարք, որոնցում կպատմենք «Արարատ-73»-ի անցած հաղթական ուղին սկզբից մինչև վերջ:
Սկիզբը` «Հրազդան» մարզասրահում
«Հունվարի 10-ին Երևանի «Արարատի» ֆուտբոլիստները սկսեցին ՍՍՀՄ 35-րդ առաջնության նախապատրաստական պարապմունքները: «Հրազդանի» մարզասրահում նրանք կատարում են ֆիզիկական ընդհանուր պատրաստականության, տեխնիկայի կատարելագործման վարժություններ: Թիմը մարզվում է լրիվ կազմով: Հունվարի 20-ին արարատցիները կմեկնեն Գագրա, որտեղ կշարունակեն ուսումնամարզական պարապմունքները, կունենան ընկերական-ստուգողական հանդիպումներ», - այսպես է սկսում «Արարատի» մասին առաջին ռեպորտաժն այն ժամանակ հանրապետությունում լույս տեսնող միակ մարզական թերթը` «Հայաստանի ֆիզկուլտուրնիկը»:
Հունվարի 27-ին «Արարատն» իր առաջին ստուգողական խաղում Սուխումիում 5:0 հաշվով հաղթում է տեղի «Դինամոյին»: Հեթ-տրիկի հեղինակ է դառնում Էդուարդ Մարգարովը: Փետրվարի 3-ին արարատցիներն երեք անպատասխան գոլ են խփում նաև Օրյոլի «Ստալին»:
Չորս օր անց մերոնք արդեն հանդիպում են 1972թ ԽՍՀՄ առաջնության փոխչեմպիոն Կիևի «Դինամոյի» հետ: Խաղն անցնում է հավասար պայքարում: Հանդիպման ելքը վճռում է խաղավերջում կիևցիների խփած միակ գոլը:
Հաջորդ փորձամրցումը արարատցիներն անցկացնում են փետրվարի 11-ին: Մոսկվայի «Սպարտակի» հետ մրցավեճում գրանցվում է մարտական ոչ-ոքի` 1:1: Մեկ շաբաթ անց մերոնք երկրորդ պարտությունն են կրում ` 1:3 հաշվով զիջելով Մոսկվայի «Տորպեդոյին»: Այդ խաղով «Արարատն» ավարտում է սևծովյան առաջին հավաքը: Թիմը կարճատև ժամանակով վերադառնում է Երևան` Գագրա կրկին մեկնելու պայմանով:
Հավելենք, որ 1972թ դեկտեմբերին «Արարատի» գլխավոր մարզիչ է նշանակվում Մոսկվայի «Սպարտակի» լեգենդար հարձակվող, հետագայում նույն թիմի հաջողակ մարզիչ Նիկիտա Սիմոնյանը: Նրան օգնում են Երևանի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստներ Հարություն Քեհեյանն ու Օնիկ Աբրահամյանը:
Սևծովյան առաջին հավաքին մասնակցում են «Արարատի» բոլոր ֆուտբոլիստները, սակայն դրա ավարտից հետո թիմից հեռանում է հարձակվող Գենադի Հունանովը, որը 1972թ հիմնական կազմում անցկացրել էր ընդամենը 3 հանդիպում: