Բացել լրահոսը Փակել լրահոսը
Եղիշե Կիրակոսյան
A A
Քաղաքականություն

Ադրբեջանն անտեսել է Հաագայի դատարանի որոշումը և հիմա արբիտրաժային վարույթ է նախաձեռնում ընդդեմ Հայաստանի․ ՀՀ ներկայացուցիչն ափսոսանք է հայտնել

Հայաստանի Հանրապետությունը («Հայաստան») հայտնում է իր ափսոսանքը՝ Ադրբեջանի Հանրապետության («Ադրբեջան») կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի («Էներգետիկ խարտիա») համաձայն արբիտրաժ սկսելու միջոցով իր հանրային հաղորդակցության օրակարգը առաջ մղելու փորձերի համար։

Այս մասին հայտնում է ՄԻԵԴ–ում ՀՀ ներկայացուցիչը։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Ադրբեջանի պնդումները որևէ առնչություն չունեն էներգետիկ ոլորտում ներդրումների և առևտրի հետ կապված Էներգետիկ խարտիայով նախատեսված պարտավորությունների հետ։ Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի շրջանակն ու նպատակը խեղաթյուրելու փորձը հատկապես ցավալի է այն ժամանակ, երբ Էներգետիկ խարտիայի կոնֆերանսը ավարտում է Էներգետիկ խարտիայի արդիականացման շուրջ բանակցությունները: Էներգետիկ խարտիայի նման չարաշահումը խաթարում է Պայմանավորվող կողմերի բոլոր ջանքերը՝ ապահովելու, որ Էներգետիկ խարտիան շարունակի գործել իր նպատակին համապատասխան, այն է՝ որպես էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների և առևտրի շրջանակ:

Արբիտրաժի մասին ծանուցումը Ադրբեջանը ներկայացնում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումից մի քանի օր անց, որով Դատարանը պարտադրեց Ադրբեջանին «ապահովել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը» Լեռնային Ղարաբաղի 120,000 էթնիկ հայերին արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհով։ Սակայն, Ադրբեջանը անտեսեց Դատարանի պարտավորեցնող որոշումը և այն կատարելու՝ միջազգային հանրության կոչերը՝ խորացնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական աղետը։ Ըստ երևույթին, Էներգետիկ խարտիայի շրջանակներում անհիմն վարույթ հարուցելով Ադրբեջանը մտադիր է ուշադրություն շեղել:

Ադրբեջանի գործողությունները չեն խաթարի Հայաստանի հավատարմությունը Էներգետիկ խարտիային, Էներգետիկ խարտիայի համաժողովի աշխատանքներին և էներգետիկ ոլորտում կայուն ներդրումների և առևտրի խթանմանը»:

Նշենք, որ նախօրեին Ադրբեջանը հայտնել է, որ միջպետական արբիտրաժային վարույթ է նախաձեռնում ընդդեմ Հայաստանի՝ «Երևանից ֆինանսական փոխհատուցում պահանջելով իր տարածքում գտնվող էներգետիկ օբյեկտները 1991-ից 2020 թվականներին անօրինականորեն շահագործելու համար»։