Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվն անցնում է 41 հազարը․ նոր տվյալներ
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ հայտարարել է, որ Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35418-ի։ Այս մասին նշում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ մեջբերելով է Anadolu գործակալությանը։
Ավելի վաղ հաղորդվում էր 31 643 զոհերի մասին։ Էրդողանը հայտնել է նաեւ, որ այս պահին հիվանդանոցներում կա աղետից տուժած շուրջ 13,2 հազար քաղաքացի։
Երկրաշարժի գոտում աշխատում է մոտ 250 հազար պետական ծառայող։ Էրդողանի խոսքով՝ հաջորդ ամիս Թուրքիան կսկսի 30 հազար տների կառուցումը անօթևան մնացած բնակիչների համար։ Նա հայտնել է, որ Թուրքիայի օգնության կոչին արձագանքել է 100 երկիր, որոնցից 84-ը փրկարարական ջոկատներ են ուղարկել, իսկ 61-ը՝ մարդասիրական օգնություն։ Էրդողանը շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար։
Al-Jazeera-ն հաղորդում է նաև Սիրիայում ավելի քան 5,8 հազար զոհերի մասին։ Այսպիսով, երկու երկրներում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 41,2 հազարը։
Հիշեցնենք՝ փետրվարի 6-ի գիշերը Թուրքիայում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որին հաջորդել են մի շարք հետցնցումներ, որոնցից մեկը եղել է 7,6 մագնիտուդով։