Բացել լրահոսը Փակել լրահոսը
1103907
A A
Հասարակություն

«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը անդամակցում է Alzheimer's Disease International միջազգային կառույցին

 «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը (Alzheimer's Care Armenia-ն) հունվարից պաշտոնապես անդամակցում է Alzheimer's Disease International միջազգային կառույցին:

Այս մասին տեղեկացնում է «Ալցհայմերի խնամք Հայաստան» (ACA) կազմակերպությունը։

«Մեր առաքելությունն է բարձրացնել իրազեկվածության մակարդակը Ալցհայմերի հիվանդության մասին և լուծումներ առաջարկել Հայաստանում այդ հիվանդությունն ունեցող մարդկանց խնամքի և բուժման համար, ինչպես նաև դասընթացներ կազմակերպել նրանց հարազատների համար: Այս նպատակներին հասնելու ուղիներից մեկը հիշողության կորուստ ունեցող մարդկանց և նրանց ընտանիքների համար կայուն ծրագրերի և ծառայությունների ստեղծումն է: 2022 թվականի հունիսի մեկից մեկնարկել է Առողջ ուղեղի հայկական ծրագիրը, որ ներառում է հիշողության բազմապրոֆիլ հետազոտություն 40 և ավելի տարեկան անձանց համար, ինչպես նաև Ալցհայմերի հիվանդության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ բժշկական հաստատությունների անձնակազմերի՝ ընտանեկան բժիշկների և բուժքույրերի համար:

Ծրագիրը համագործակցում է Հայկական ակնաբուժական նախագծի (Armenian EyeCare Project) հետ՝ ապահովելու հետազոտության իրականացումն ամբողջ Հայաստանի տարածքում։ Մեր բազմապրոֆիլ թիմն արդեն հետազոտություններ է անցկացրել ավելի քան 100 պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում և բժշկական կենտրոններում՝ 2022 թվականի հունիսից ի վեր թեստավորելով ավելի քան 3000 քաղաքացու և վերապատրաստելով առաջնային օղակի ավելի քան 500 բժշկի և բուժքույրի։

Առողջ ուղեղի հայկական ծրագրին աջակցում են Հայաստանի Հանրապետության առողջապահության, ինչպես նաև՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները: 

«Ալցհայմերի խնամք Հայաստան»-ի առաքելությունն է բարձրացնել իրազեկվածությունը Ալցհայմերի հիվանդության մասին և լուծումներ առաջարկել Հայաստանում այդ հիվանդությունն ունեցող մարդկանց խնամքի և բուժման համար։  Մեր տեսլականն է Հայաստանում հույս ներշնչել, փոխել կյանքը և բարելավել կյանքի որակը Ալցհայմերի հիվանդություն ունեցող մարդկանց և նրանց ընտանիքների համա: Մենք ստեղծում ենք տարբեր ծրագրեր և մատուցում ծառայություններ Հայաստանի բոլոր մարզերում ծերունական թուլամտություն ունեցող մարդկանց և նրանց ընտանիքների համար: Մենք աշխատում ենք Հայաստանի տարեցների խնամքի հաստատությունների հետ, ինչպես նաև մշակում ենք նոր ծրագրեր, որոնք բարձրացնում են դեմենցիա ունեցող մարդկանց խնամքի որակը։