Բացել լրահոսը Փակել լրահոսը
329169552_3499347043632508_5453184371525479596_n
A A
Հասարակություն

Պորտուգալիայի դեսպանը կաթողիկոսի հետ հանդիպմանն ընդգծել է Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտությունը

Փետրվարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերին։
 
Հայոց Հայրապետը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, մաղթեց վերջինիս արդյունավետ առաքելություն ի նպաստ հայ-պորտուգալական բարեկամական կապերի առավել զորացման:
 
Անդրադառնալով տարածաշրջանում առկա իրավիճակին և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ Նորին Սրբությունն իր մտահոգությունը հայտնեց արցախահայության անվտանգ ու խաղաղ ապրելու իրավունքի դեմ ոտնձգությունների և դրանց հետևանքով ստեղծված հումանիտար աղետի առնչությամբ։
 
Հայոց Հայրապետը կարևոր նկատեց միջազգային հանրության ջանքերի գործադրումը Լաչինի միջանցքի վերաբացման և արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում։ Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ Պորտուգալիայի իշխանությունները ևս ակտիվ ներգրավվածություն կունենան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։
 
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։
 
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ փաստեց, որ Պորտուգալիայում գործող «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը կարևոր ավանդ է ունեցել հայ ժողովրդի կյանքում, որի աջակցությամբ 1954 թվականին նաև իրականացվել է Մայր Տաճարի հիմնանորոգումը։
 
Իր հերթին դեսպան Մադալենա Ֆիշերը ևս ընդգծեց Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտությունը։ Դեսպանը նաև կարևորեց կրթության ոլորտում Հայաստանի և Պորտուգալիայի համագործակցության խորացումն ու ընդլայնումը։