Ադրբեջանն արդեն պետք է բացած լիներ ճանապարհը՝ համաձայն ՄԻԵԴ որոշման պահանջի․Արա Ղազարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵվրադատարանը անուղղակիորեն որոշել է, որ Լաչինի ճանապարհը պետք է բացվի,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։
Երեկ Եվրոպական դատարանը բավարարել էր Հայաստանի ներկայացրած պահանջը և պարտավորեցրել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը:
Ըստ Արա Ղազարյանի՝ դատարանը անդրադարձել է այն հարցերին, որոնք ներկայացվել են Հայաստանի դիմումում։ Իսկ դիմումը, նրա խոսքով, այլ կերպ չէր կարող ներկայացվել, քանի որ այս փուլում պահանջը վերաբերում էր ոչ թե խախտում ճանաչելուն , այլ հրատապ միջոց կիրառելուն։
Փաստաբանը կարեւորում է հանգամանքը, որ ադրբեջանական կողմին չի հաջողվել մոլորեցնել, եւ ՄԻԵԴ որոշումը կոնկրետ հասցեագրված է Ադրբեջանին։
Այսինքն՝ դատարանը հաստատել է, որ ճանապարհը փակողների հետեւում կանգնած է Ադրբեջան պետությունը։
Ընդհանրապես, փաստաբանը հիշեցնում է․«Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ունի կայուն նախադեպային մոտեցում, որ ճանապարհը, հատկապես մայրուղիները փակել չի կարելի»։
Իսկ ե՞րբ պետք է Ադրբեջանը բացի Լաչինի միջանցքը գոնե ՄԻԵԴ որոշման մեջ նշված խավերի համար։
«Այսօր արդեն ճանապարհը պետք է բացվեր, նույնիսկ երեկ՝ վճռի հրապարակումից հետո»,- ասաց Արա Ղազարյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։
Մանրամասները՝ տեսանյութում